ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերեզմանատների, կրոնական կառույցների նկատմամբ վանդալիզմի դրսևորումներին:
«Ինչ վերաբերում է տարածաշրջանում քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի պահպանմանն առնչվող բոլոր հարցերին, դրանց կարող են պատասխանել ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները: Այս առումով աջակցում ենք կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի՝ հակամարտության գոտի համապատասխան առաքելություն ուղարկելու մտադրությանը: Այդ մտադրության մասին նա հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ նոյեմբերի 20-ին: Հուսով ենք, որ առաքելությունը, որը պատրաստ է համագործակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ, առաջիկայում կկարողանա շուտով ժամանել և տեղում օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նշենք, որ դիվանագետը ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է նաև ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում անվտանգության և փախստականների վերադարձն ապահովելու, ինչպես նաև ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: