«Մինչև վերջ իր զինվորների հետ է եղել, 20 զինվորի կյանք է փրկել». կապիտան Հակոբ Գևորգյանը զոհվեց հանուն հայրենիքի եւ հանուն իր զինվորների


«Մինչև վերջ իր զինվորների հետ է եղել, 20 զինվորի կյանք է փրկել». կապիտան Հակոբ Գևորգյանը զոհվեց հանուն հայրենիքի եւ հանուն իր զինվորների
Նոյեմբեր 9 02:26 2020

37-ամյա կապիտան Հակոբ Ասատուրի Գևորգյանը հերոսաբար զոհվել է թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ: Հակոբ Գևորգյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 3 անչափահաս որդիների հայր է:

«Մենք Կուբաթլուում էինք ապրում, ամսի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Հակոբը մեզ նստացրեց ավտոբուս, մենք Գորիս գնացինք, որտեղից էլ գնալու էինք Երևան: Մեզ ճանապարհեց, ու այդ օրվանից չեմ տեսել ամուսնուս:

Հոկտեմբերի 3-ին ամուսնուս ընկերը զանգեց, Հակոբից էր հարցնում, հետո ամուսնուս հետ խոսեցի, ասացի՝ Հակոբ, ընկերդ էր զանգել, քեզնից էր հետաքրքրվում, ասաց՝ արխային եղեք, ընկերոջս էլ ասա՝ էս ապուշները ծուռ են կրակում: Ով կմտածեր, որ 2 օր հետո կզոհվեր, և մինչև հիմա մարմինը չեն հասցնի մեզ:

 

Մինչև հոկտեմբերի 4-ը Հակոբի հետ խոսել եմ. ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է լինելու: Ինձ միշտ ասում էր՝ ես թիկունքում եմ լինելու, հանգիստ եղիր:

Ամսի 5-ի առավոտյան թեժ մարտեր են եղել, շրջափակման մեջ են հայտնվել, և ամուսինս հակառակորդի հետ դեմ առ դեմ կռիվ է տվել:

Միշտ ասում էր՝ ուզենք թե չուզենք, պատերազմ մեկ է պիտի լինի, եթե մենք չանենք, պիտի մեր երեխաները դա անեն:

Վերջին անգամ որ հետը խոսեցի, ասացի՝ Հակոբ, խնդրում եմ շատ ուշադիր եղիր, ասաց՝ հա, մի անհանգստացիր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված 37-ամյա սպայի այրին՝ Մարիամ Ներսիսյանը:

 

Բարի, հոգատար, հայրենասեր, ազնիվ. այսպես է Հակոբ Գևորգյանին նկարագրում կինը:

Արցախյան պատերազմում նահատակված հերոսի կինը ասում է, որ մարտերի ժամանակ իր աչքի առաջ իրենց հրամանատարն է զոհվել, այդ դեպքից Հակոբը շատ է ազդվել.

«Ասում էր՝ տղերքը ինձ սպասում են… հոկտեմբերի 5-ին զանգեցի, զանգերը գնում էին, էլ կապ չեղավ:

Հույսով սպասում էի, մտածում էի՝ երևի դիրքավորվել մի տեղ թաքնվել է, բայց այդ հույսն էլ կորցրեցինք:

Հակոբի համար կարևորը պաշտոնը չէր, ասում էր՝ կարևորը իմ զինվորների կողքին լինելն է: Ասում էր՝ աչքիս առաջ զինվորներս մահանում են, ես ոչ մի բան չեմ կարող անել։ Շատ էր նեղվում, ազդվում էր:

Մինչև վերջ իր զինվորների հետ է եղել, 20 զինվորի կյանք է փրկել»,- պատմում է հերոսի կինը:

Մարիամ Ներսիսյանը ասում է՝ կորստի ցավին զուգահեռ գիտակցում է, որ իր ամուսինը թեժ կռվի ժամանակ փախուստի չի դիմել, դեմ առ դեմ կռվել է թշնամու դեմ… իր ամուսինը հերոս է. զոհվել է հանուն իր հայրենիքի և հանուն իր զինվորների:

 

Անահիտ Չալիկյան