Ոչ մի իրավական կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, Ղարաբաղում իրավիճակին խառնվելու ուղիղ լիազորություն չունի: Այդ լիազորություններն ու իրավունքներն ունի միայն ՄԱԿ-ը: Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար արտաքին հնարավոր միջամտության մասին հարցին:
Ընդ որում, ըստ փոխնախարարի, միջամտության համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը, եւ դա ստանալը հեշտ գործընթաց չէ:
Նա նաեւ հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների ղեկավարները` Պուտինը, Թրամփը եւ Մակրոը, կոչ արեցին դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում, բայց դա ոչ մի դրական արդյունքի չհանգեցրեց: «Եվ այստեղից մենք պետք է եզրակացություններ անենք»,- ասաց Քոչարյանը: