Սա չափազանց վատ միտում է, որի հետևանքները մեր տնտեսության վրա թողնելու են անդառնալի հետևանքներ


Սա չափազանց վատ միտում է, որի հետևանքները մեր տնտեսության վրա թողնելու են անդառնալի հետևանքներ
Հուլիս 30 16:24 2025

 

Վաղուց զարմանալի չէ, որ իշխանական այս խմբակը 7 տարիների ընթացքում ժամ առ ժամ կարողանում է կատարելագործվել միայն ստելու և մանիպուլացնելու հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

«Սրանք քանի դեռ հանրային տրամադրություններ են չափում Վարդավառին միմյանց վրա ջուր ցողել-չցողելով, և մարդկանց լավ ապրելը որոշում են Սևանի ափեր այցելությունների քանակով, տնտեսությունն ու արտահանումը շարունակում են անկում գրանցել։

 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբության էջում ուրախությամբ հայտնում է, թե կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է` հավելելով, որ օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից դուրս են եկել շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։

 

Մինչդեռ, ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ, որ պայմանավորված իրավիճակով՝ տնտեսվարողներն էականորեն կրճատել են արտադրանքի և արտահանման ծավալները։

 

Վերջերս կոնյակ արտադրող ընկերության ներկայացուցիչներից մեկից տեղեկացա, որ եթե նախկինում ամեն օր սահման էր ուղարկվում կոնյակով բեռնված 1 բեռնատար, այժմ նույն քանակությամբ բեռնատար է ուղարկվում 1 ամսվա ընթացքում։

 

Կոնյակագործներին համբերատարություն մաղթող նախարարը Գեզի մաքսակետից դուրս եկող մեքենաների վիճակագրությունը ներկայացնում է որպես հայկական կոնյակի պատշաճ որակի վկայություն, այն դեպքում, երբ Վրաստանը՝ հանդիսանալով տարանցիկ պետություն, չունի որևէ իրավասություն փորձաքննության ենթարկելու մեր արտադրանքը։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից ևս պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ ունենք կոնյակի և ալկոհոլային խմիչքների արտահանման նվազում։

 

Հավելենք, որ այդպես էլ պատկան մարմինների կողմից չտրվեց լիարժեք պարզաբանում, թե ի՞նչն է հանգեցրել վրացական կողմին՝ ամիսներ շարունակ խոչընդոտելու հայկական կոնյակի արտահանումը ՌԴ։

 

Խայտառակ իրավիճակ է նաև հեղուկ գազի ոլորտում։ Մինչ խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան, ականատեսն ենք լինում դրա օր օրի թանկացմանը։

 

Սա չափազանց վատ միտում է, որի հետևանքները մեր տնտեսության վրա թողնելու են անդառնալի հետևանքներ։

 

Արդեն իսկ ունենք վիճակագրություն, որի համաձայն՝ արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի առաջին կեսին նվազել է 12%-ով, իսկ արտաքին առևտուրը՝ 45%-ով»,-գրել է Դանիելյանը: