ԼՂ հակամարտության կողմերին զգուշացում է տրվել Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայության հարցով. ԻՀՊԿ հրամանատար


ԼՂ հակամարտության կողմերին զգուշացում է տրվել Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայության հարցով. ԻՀՊԿ հրամանատար
Նոյեմբեր 5 18:55 2020

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ նախազգուշացում է տրվել Ադրբեջանին և Հայաստանին ԼՂ հակամարտության էսկալացիայի ֆոնին Իրանի հետ սահմանային շրջանում ահաբեկիչների ներկայության հարցով:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, գեներալ-մայոր Սալամին հինգշաբթի այցելել է Իրանի հյուսիսարևմտյան սահման Արդաբիլի նահանգում, որը մոտ է այն շրջաններին, որտեղ վերջին շաբաթներին մարտեր են ընթանում:

Հրամանատարն ասել է, որ սահմանային գոտի է այցելել՝ համոզվելու, որ Իրանի սահմանային շրջանի բնակիչները գտնվում են լիարժեք անվտանգության մեջ:

Սահմանապահների խմբի հետ հանդիպումից հետո վերջինս հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն ամբողջությամբ պատրաստ են՝ պաշտպանելու երկիրը բոլոր հանգամանքներում և «վճռական պատասխան» կտան ցանկացած ագրեսիայի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։