Հայ զինծառայողների դիակների հանձնման պահին արտաքին զննություն է իրականացվել եւ տեսաձայնագրվել, որպեսզի հետագայում ադրբեջանական կողմը չկարողանա ասել՝ ինչպե՞ս կարող եք ապացուցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Դա Ադրբեջանի Հանրապետության իրավասու տարբեր մարմինների գործելակերպն է, որին մենք հանդիպեցինք նաեւ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո, երբ հերքեցին իրենց կողմից արված գործողությունները։ Երբ հանձնվել են զոհված զինծառայողների դիակները, հենց այդ պահից սկսած ամբողջը տեսաձայնագրվել է։ Տեղում անմիջապես բացվել են, դատաբժշկական փորձագետի եւ ընթերակաների մասնակցությամբ իրականացվել դիակների արտաքին զննություն եւ լուսանկարահանում։ Համապատասխան փաթեթավորելուց եւ ընթերակաների կողմից կնիքված զոհված զինծառայողների աճյունները տեղափոխվել են դատաբժշկական փորձագետի համապատասխան կենտրոն։ Այդ գործողությունները կատարվել են, որպեսզի հետագայում Ադրբեջանը չկարողանա ասել՝ ինչպես կարող եք ապացուցել»,- ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետը։