Այսօր առավոտից թշնամու զորքերը, ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գարծողությունները՝ հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներ՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ, մնարտավարական օդուժ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած կայացած որոշակի մարտական գործողությունների:
«Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակովում են»,-նշեց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց՝ գերեվարված երկրորդ վարձկան ահաբեկիչը ևս խոստովանել է՝ ինչպես է հավաքագրվել, վճարվել, խնդրավորվել և կիրառվել իր հրոսակախմբի մյուս վարձկանների հետ, որպես ինչ և ինչպես են ադրբեջանցիները նրանց օգտագործում մեր դեմ:
«Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, ինչքան էլ որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողություններում»,-ասաց նա՝ նշելով, թե տիրապետում են ամբողջական տեղեկությունների, թե որ տեղամասում ու ինչպես են նրանց առաջադրանքներ տրվում, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել:
«Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և, այսպես ասած, հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,-ասաց նա:
Հարցին՝ ճի՞շտ է, որ հակառակորդն այս գիշեր ևս կիրառել է սպիտակ ֆոսֆոր, Հովհաննիսյանն արձագանքեց՝ այո: ՊՆ ներկայացուցիչը նշեց, թե էկոլոգիական միջավայրի վնասներն ուսումնասիրվում են:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Շուշիի ուղղությամբ հակառակորդը գործի է դրել Թուրքիայի հատուկջոկատայիններին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող հստակ ասել՝ նրանք որ ուղղությամբ են գործի դրվել, բայց նման տեղեկությունների վերջնական ամփոփման պարագայում ևս անակնկալներ են սպասվում: