Ֆրանսիական Marianne պարբերականի լրագրողը զրուցել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ռազմական փորձագետ Բրայան Կաստների հետ, որը ներկայացրել է միջազգային կազմակերպության տվյալները Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ:
Ռազմական փորձագետի հետ զրույցը ներկայացնում է Inosmi-ն: Կաստները նշել է, որ երկու կողմն էլ պատերազմում կիրառում է հիմնականում ռուսական զենք, համազարկային կրակի համակարգեր, ինչպես օրինակ՝ «Սմերչ» կամ «Գրադ», ինչպես նաև տանկեր և հրետանի: Բացի այդ, նրա խոսքով, Ադրբեջանը դեռ իսրայելական զենք էլ ունի, ինչպես օրինակ կասետային ռումբեր և անօդաչուներ:
«Այս պատերազմում նորություն է սպառազինման տեսակը: Մասնավորապես, դա վերաբերում է նախորդ պատերազմներում չկիրառված զենքերին, ինչպես օրինակ կամիկաձե-անօդաչուները: Դրանք երկար ժամանակ պտտվում են որոշակի գոտու տարածքում, այնուհետև խոցում են թիրախը, երբ օպերատորը գտնում է այն: Հայ զինվորները մշտապես լսում են անօդաչուների ձայնը, սակայն գաղափար անգամ չունեն, թե երբ և որտեղից այն կհարվածի: Այդ սարքերում պայթուցիկ կա, որն ուժեղացնում է հարվածի կործանարար հետևանքները»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ այս պատերազմում առաջին անգամ է նման անօդաչուների զանգվածային կիրառում տեղի ունենում:
Amnesty International-ի մասնագետները հաստատել են նաև ադրբեջանական ուժերի կողմից կասետային ռումբերի կիրառումը Ստեփանակերտում: «Նման ռումբերը գտնվում են սովորական հրթիռներում, որոնք տարանջատվում են օդում և ցրվում մեծ տարածությամբ: Դրանց 20 տոկոսը միանգամից չի պայթում, ինչը մեծ սպառնալիք է խաղաղ բնակչության համար, հատկապես՝ երեխաների, որոնք կարող են հետագայում դիպչել այդ պայթուցիկներին»,- շեշտել է Կաստները:
Վերջինս անդրադարձել է նաև պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը: «Կասկած չկա Ադրբեջանին տրամադրվող թուրքական աջակցության վերաբերյալ: Անկարան Ադրբեջանում է տեղակայել իր F-16-երը: Ինչ վերաբերում է թուրք զինվորներին Կովկաս ուղարկելուն, բավական է տեսնել, թե ինչ է կատարվում Սիրիայում և Լիբիայում: Դա բավականին իրական սպառնալիք է»,- հավելել է փորձագետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն: