Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին (տեսանյութ)


Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին (տեսանյութ)
Հոկտեմբեր 23 00:02 2020
Դավիթն աննկարագրելի ուժեղ էր, երազկոտ ու նվիրվող, անգամ այն ժամանակ, երբ վստահ էր, որ դիմացինը չարաշահում է իր բարությունը: Ինձ միշտ ասում էր, որ դա իրեն շատ է խանգարում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Գևորգյանի ընկերուհին՝ Մերի Անդրասյանը:
 
Դավիթը Երևանից էր, 19 տարեկան: Սովորում էր Բլեյանի դպրոցում, 2019-ին ավարտել է ու զորակոչվել բանակ:
 
Ընկերուհին ասում է, որ կյանքին սիրահարված Դավիթը շատ հայրենասեր էր, ամբողջ Հայաստանով շրջագայել էր, իրեն էլ խոստացել էր վերադառնալուն պես միասին ևս մեկ անգամ  բացահայտել Հայաստանը:
«Իր մայրիկն իր գործերն արդեն տարել էր համալսարան, բայց Դավիթը միշտ ասում էր՝ «Ես պետք է վերադառնամ ու աշխատեմ, այդպես ավելի շատ կկարողանամ ստեղծել»: Խոհարար էր Դավիթը ու իր մոտ շատ լավ էր ստացվում պատրաստելը: Միշտ ասում էր՝ «Ցանկացած աշխատանքի պատրաստ եմ»»,- նշում է Մերին:
 
Դավիթն ու Մերին աշխատել են նույն վայրում, մոտավորապես մեկ տարի մտերիմ ընկերներ են եղել, հետո զգացել են, որ իրենց մեջ եղածն ավելին է, քան պարզապես ընկերական շփումը:
 
«19 տարեկան էր Դավիթը, բայց իրականում շատ բան էր հասցրել անել: 16 տարեկանից աշխատում էր. ոչ թե դրա կարիքն ուներ, այլ ուղղակի ստեղծող էր շատ: Նույնիսկ նպատակ ենք ունեցել մեկնել Չինաստան, գումար աշխատել ու հետ գալ»,- ասում է Մերին, ապա խոստովանում՝ Դավիթը շատ էր սիրում Հայաստանը, ես՝ այդքան էլ չէ:
 
Երևանյան փողոցները Մերիին հիշեցնում են Դավիթին. միասին հաճախ էին զբոսնում: Մերին ասում է՝ Դավիթը տարբերվում էր ընկերներից, հատկապես, մտածելակերպի տեսանկյունից: Սկզբում նրանք դեմ են եղել Դավիթի ու Մերիի շփմանը, բայց քանի որ Դավիթը վստահ է եղել իր որոշման մեջ՝ ընդունել են. «Դեմ լինելու այլ պատճառ կար, բայց նաև տարիքային տարբերությունն էր: Ես չէի զգում այդ տարբերությունը, որովհետև ինքն այնքան ուժեղ էր, ու այն մարդն էր, ում ուսին կարողանում էի հանգիստ դնել գլուխս ու գիտեի, որ ինքը միշտ կհասկանա ինձ»:
 
«Շատ հետաքրքրասերն էր, ամեն ինչից գաղափար ուներ, իր հետ երբեք չէիր ձանձրանա, լեզուներ գիտեր, ու ես վստահ էի՝ միասին շատ հեռուն ենք գնալու, որովհետև եթե մի տեղ սեր կա՝ ամեն ինչի կարող ես հասնել»,- նկատում է Դավիթի ընկերուհին ու ավելացնում. «Հաճախ էր զայրանում, բայց իր համար ամեն ինչ ընդունելի էր ու հասկանալի, միգուցե, շատ սիրելուց էր»:
 
Առատաձեռն, հասնող ու նվիրվող Դավիթը հաճախ էր վիճում ընկերուհու հետ, որովհետև նա շատ էր ուզում, որ Դավիթը բարձրագույն կրթություն ստանա կամ որևէ արհեստ սովորի, իսկ Դավիթը կտրականապես դեմ էր:
 
Բանակ գնալուց առաջ Դավիթը Մերիին ծանոթացրել էր ընտանիքի անդամների հետ, ու Մերին նշում է, որ հիմա Դավիթի հանդեպ իր կարոտի զգացումը որոշ չափով  կարողանում է փարատել՝ նրա հարազատների հետ շփվելով:
 
«Հնարավոր է՝ սիրուն չհնչի, բայց շատ մարդիկ հիմա, իրոք, հասկացան, թե ինչքան պինդ էինք կապված մենք՝ բոլոր օղակներով ու թե ինչքան իսկական էր էն, ինչ զգում էինք, բայց, գրողը տանի, հիմա կուզեի ամբողջ աշխարհը մեզ դեմ լիներ ու չհավատար, բայց Մենք լինեինք»,- հուսահատ, բայց հպարտությամբ ասում է Մերին: