Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում Արցախի սահմանները պաշտպանելիս Ջաբրայիլում (Մեխակավան) զոհվել է «Վահագն» դհոլահարների խմբի անդամ Սարիբեկ (Սարո) Մկրտչյանը: Հոկտեմբերի 23-ին նա կդառնար 20-տարեկան:
2018-ի դեկտեմբերին դեռ բանակում չծառայող Սարոն փորձել է հայտնվել զինված ուժերի նվագախմբում, սակայն նվագախմբի մասը չի կազմել, փոխարենը ծառայության ընթացքում կարգապահության և մարտական բարձր պատրաստության շնորհիվ դարձել է գրադի հրամանատար ու 3 անգամ որպես օրինակելի զինվոր տեսախցիկների առաջ «Զինուժ»-ի եթերում պատմել սիրելի զենքի մասին:
«Արդեն տարի ու կես է՝ ես այս տեխնիկայի վրա եմ, արդեն իմ ընկերն է դարձել: Ես իրենով եմ ապրում»,- ծնողները հուզմունքով մեջբերում են Սարոյի վերջին հարցազրույցի խոսքերն ու շեշտում՝ իրենց զինվորը մեծ գիտակցումով է կռվել:
Սարոն տան ավագ զավակն էր, ընտանիքում Սարոյի մասին անցյալով չեն կարողանում խոսել: Պատմում են՝ նրա ջերմությունն ու հոգատարությունը սահմաններ չունեին: Նույնիսկ բանակից նվերներ էր պատվիրում և տուն ուղարկում փոքր քույրերին, որ իրենց միայնակ չզգային: Նույնը եղել է նաև պատերազմի դաշտում՝ հրամանատար Սարոն իր զինվորների հետ միասին ընկել է հերոսական մահով:
Մանրամասները՝ տեսանյութում