Պատերազմական գործողությունները կանգնեցնելու, բանակցության սեղան վերադառնալ-չվերադառնալու մակընթացության մեջ է այս օրերին Ադրբեջանի նախագահը: Մեկ ասում է՝ կկռվեմ մինչև վերջին ԱԹՍ-ն ու ՏՕՍ-ը, դիտմամբ եմ տեխնիկային հղում տալիս, քանի որ Ալիևը այնքան խելոք է, որ գիտե՝ հայի դեմ զինվոր չի՛ կարող հանել, քանի իր զինվորը կռվել չգիտի…մեկ ասում է՝ կբանակցեմ, մեկ՝ չեմ նահանջելու, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հաղորդման հեղինակ Աբրահամ Գասպարյանը։
Հեղինակը նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից ադրբեջանական ագիտպրոպն անցավ մշակված սխեմայի իրականացմանը, որին լրջորեն պատրաստվել էին 16-ի քառօրյայից հետո:
«Անցած օրերին բազմիցս խոսել ենք տեղեկատվական-քարոզչական այս պատերազմում Բաքվի մարտավարական քայլերի մասին, բայց այսօր՝ Իլհամ Ալիևը, հերթական հարցազրույցի տողատակում՝ հետաքրքիր ական է դրել: Կվնասազերծենք…բայց՝ թշնամուն մի անգամ լսելը ճիշտ է: Մի հատված էի ընդամենն առանձնացրել երկար-բարակ հարցազրույցից, որի գերակշիռ մասը՝ պաշտոնական հայտնի թեզերն են: Այս երկու միտքն առանձնացրի, քանի որ տողատակերում, ինչպես ասացի, լարած թակարդ կա: Առաջին մտքում Ապշերոնի նախագահը հնարավոր չի համարում հակամարտության շուտափույթ կարգավորման հասնել Հայաստանի ներկա կառավարության հետ: Սա մեսիջ է երեք սուբյեկտի՝ սեփական ժողովրդին, որ պիտի ձեր զավակներին զոհաբերեք մինչև վերջ, որպեսզի հաջողության հասնենք, երկրորդ հասցեատերը՝ միջազգային հանրությունն է և այս ուղերձով նրան հուշում է, որ Հայաստանը չի ցանկանում կարգավորում բանակցության միջոցով, և երրորդ հասցեատերը՝ Հայաստանի ժողովուրդն է»,– ասել է նա:
Աբրահամ Գասպարյանը նշել է, թե այս պահին դեռ մի կողմ է թողնում այն, թե ինչ է այս կապակցությամբ ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կամ ինչու մեր երկրի վարչապետը՝ էմիսար ու դիվանագետ ուղարկելով արտասահման, այդուհանդերձ, երեկ ասաց, որ հակամարտության բանակցային ելք այս պահի դրությամբ չի տեսնում: Այս պահի դրությամբ: Սա, ըստ նրա, նշանակում է, որ բանակցությունը կշարունակվի, եթե ռազմական գետնի վրա կողմերից որևէ մեկն ունենա բացարձակ կամ ընդգծված առավելություն, որով էլ դիմացի սուբյեկտին կխեղճացնի սեղանի շուրջ:
«Հիմա Ալիևն իր հարցազրույցում, որ ասացի՝ տողատակով նաև դիմում է հայ հանրությանն ու ակնարկում, որ պատերազմը շարունակվելու է, իսկ ձեր՝ հայերիդ ռեսուրսը սահմանափակ է դուք աղքատ եք ու չե՛ք ձգի պատերազմը…ինչպես ասում են՝ իշթահիդ քացախ: Այդքանը հերիք չէ, մի հատ էլ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, թե բա՝ Հայաստանի ներկա կառավարության հետ հնարավոր չէ շուտ հասնել կարգավորման: Իսկ նախկինների հետ հնարավո՞ր էր…սա ական է, որից պետք է զգույշ լինել: Ալիևը փորձում է հայաստանյան ընկալումներում խորացնել՝ նախկին-ներկա դիսկուրսը, ներհայաստանյան անհանդուրժողականության դաշտ բացել՝ պատերազմի այս պայմաններում, որպեսզի մեկս մյուսի վրա սկսենք կասկածել, իրենք էլ առիթավորվեն ու հեշտությամբ լուծեն խնդիրը: Ալիևն այդպես անում է, քանի որ սովորել է իր ժողովրդի սխալից…այն սխալից, որ իրենք թույլ տվեցին առաջին պատերազմում՝ 92-93 թվերին՝ իրար մեղադրեցին ու կոտորեցին, մենք էլ՝ առաջ գնացինք: Այս ականը մենք կշրջանցենք: Հաստա՛տ: Մեր ժողովուրդն ունի՛ այդքան իմաստություն: Մենք շատ լավ գիտենք մեր սխալները…դրանց մասին խոսելու ժամանակն էլ կգա: Հիմա կենտրոնանում ենք միայն ու միայն այդ լարած ականները շրջանցելու և պատերազմում հաղթանակ տանելու վրա: Բոլո՛ր ճակատներում»,– ասել է նա:
Աբրահամ Գասպարյանը նաև նշել է, որ Իլհամ Ալիևը պետք է իմանա, որ աշխարհում հազվադեպ են ազգերը, որոնց որդիները պատերազմի ժամանակ՝ արտասահմանից տուն են վերադառնում, այդ ազգերից մեկը՝ մենք ենք: Թող Ալիևը հանկարծ չշշկռվի ու խաղադրույք դնի իշխանության քաղաքականությանն ընդդիմացողների վրա, որ դուրս կգան փողոց ու իրենց գործողություններով կնպաստեն Բաքվի քաղաքականության իրականացմանը:
«Իլհամ Հեյդարի որդի, մենք պատերազմի ժամանակ դառնում ենք ոչ ադեկվատ, թուրքի անուն լսելուց՝ բջիջներով ձգվում ենք, ջրի միջի յուղի կաթիլների նման դառնում ենք գունդ ու տարածքներ նվաճում: Թե մենք իրար մեջ՝ մեզնից ո՞վ ու՞մ ի՞նչ կասի, իշխանությանը որքա՞ն կքննադատենք, ընդդիմությանն ի՞նչ անուն կկպցնենք, ու՞մ հետ ի՞նչ հաշիվներ կմաքրենք…չխառնե՛ք…դա ոչ մի կերպ չի անդրադառնա մեր միասնական կեցվածքի վրա, երբ հայրենիքը, ազգն ու պետությունը վտանգված են: Այո, մենք էլ ունենք մոլորվածներ, որոնք դեռ խակ են, աշխարհը պատկերացնում են ֆեյսբուքի գույներով, լայքերի քանակով ու այլակարծության մերժմամբ, բայց ի տարբերություն ձեզ՝ նրանք մի քանի հազարն են ու հիմնականում ապրում են սոցցանցերում: Այո, նրանք էլ ձեր նման ուշագնաց եղան՝ լսելով, որ Հայրենական այս պատերազմի օրերին՝ քաղաքականապես իրար ոչնչացնող մեր երկրի նախկին բոլոր նախագահներն այնքան խոհեմություն դրսևորեցին, ցույց տվեցին պետական գործչին վայել իմաստություն և հանուն պետականության փրկության՝ նստեցին սեղանի շուրջ, ամեն ինչ մի կողմ դրեցին ու լծվեցին բացառապես մեկ գործի՝ հայրենիքի փրկության…ընդ որում՝ ամեն մեկն իր կապերով ու հնարավորություններով: Այ դուք դա չե՛ք կարող հասկանալ, քանի որ դուք չե՛ք սիրում ձեր երկիրը, քանի որ դա ձեզ համար հայրենիք չէ, քանի որ փորձում եք հավաքական ազգի իմիտացիա ստեղծել՝ բացառապես հակահայկական թույնով: Իսկ սա մեր հայրենի՛քն է արդեն 5 հազար տարուց ավելի: Այստեղ ամեն թիզ հողի վրա տասնյակ տղերքի արյուն կա»,– ասել է նա։
Դիմելով Իլհամ Ալիևին՝ Աբրահամ Գասպարյանն ասել է, որ Ադրբեջանի նախագահը սխալվում է իր հաշվարկներում: «Նույնիսկ եթե մեր ընդդիմադիրները Փաշինյանին կամ Պողոսյանին՝ ով ուզում է լինի երկրի ղեկավարը, նույնիսկ եթե ամեն օր իրար քննադատեն, միմյանց նկատմամբ լինեն անհանդուրժող, մեկ է՝ հայրենիքի կանչը խլացնում է ցանկացածի ձայնը, քանի որ մեզ համար՝ բանակը, պետությունն ու ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից ու բոլորից»,– ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։