Շողիկ Հարությունյանը բակում նստած խաղող է դասավորում թղթե արկղերի մեջ: Ընտանիքը պատրաստվում է ձմռան գալուն: Շողիկի երկու որդիներն էլ ժամկետային զինծառայողներ են: Թեև զինվորների մայրն աշխատում էր, սակայն ականջը դռան կողմն էր, ձայնի էր սպասում:
Ավագ որդին՝ Ռազմիկը, մոտ երկու տարվա զինծառայող է: Նա բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով և դեռ մեկ տարի էլ պետք է ծառայի: Կրտսեր որդին՝ Արտյոմը, նոր է զորակոչվել, 3 ամսվա զինծառայող է: Նրանց երեք հոգանոց ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքում:
Զինվորների մայրը երեկ պատահմամբ տեղեկացել է, որ ավագ որդին՝ 20-ամյա Ռազմիկ Մադաթյանը, հակառակորդի դիրքեր գրավելուն, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելուն անմիջական մասնակցություն ունենալու համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
«Երեկ կեսօրին Ռազմիկի հորաքույրը զանգեց, թե՝ տեսե՞լ ես, Արծրուն Հովհաննիսյանի էջում երեխու անունը կա: Ես հեռախոսից դուրս չէի գալիս, բայց երեկ երկար ժամանակ չէի մտել: Մի պահ վախեցա, մտա, տեսա իրոք անունը կար, նկարն էլ հրապարակել էին, գրել էին, որ մեդալի է արժանացել: Այդպես եմ իմացել, որ մեդալ է ստացել»,-պատմում է Շողիկ Հարությունյանը:
Ավագ որդու հետ մայրը վերջին անգամ խոսել է մոտ 10 օր առաջ: Այդ ժամանակ Ռազմիկը զանգահարել է մորը, ուրախ ձայնով ասել է, որ հերոս տղա ունի: Մայրը մի պահ վախեցել է, հարցրել է, թե որդին ինչ է արել, Ռազմիկը հրաժարվել է հեռախոսով պատմել կատարվածի մասին:
«Ասում եմ՝ Ռազ, ի՞նչ ես արել, հլը ճիշտն ասա, չասաց, թե՝ հեռախոսով ասելու չի: Խնդրեցի, որ չակերտները չբացած մի երկու բան ասի, մտածեցի՝ իրեն բան է եղել: Ասաց՝ չէ, մամ ջան, ինձ բան չի եղել, մեր լեզվով ասած՝ փրթել թափել ենք: Սիրտս լցվեց, լացեցի, բայց ինձ զսպեցի: Միայն խորհուրդ եմ տվել, որ ինչ անում է, մտածված անի»,- ասում է Շողիկ Հարությունյանը:
Մոր տեղեկություններով՝ Ռազմիկը, բացի դիրքերի գրավմանն անմիջական մասնակցություն ունենալուց, ոչնչացրել է թշնամու կենդանի ուժ, զինտեխնիկա, ինչպես նաև՝ ընկերների հետ հակառակորդից զենքեր են վերցրել:
Ռազմիկի եղբայրը՝ Արտյոմը, մորից է տեղեկացել եղբոր քաջագործությունների մասին: Մի պահ նույնիսկ չի հավատացել: Կատակով ասել է, թե այդ մեդալն ինքը պետք է վաստակեր, սակայն ավագ եղբայրն իրենից առաջ է ընկել:
«Արտյոմս օրը մեկ անգամ զանգում է, մի քանի բառ փոխանակում ենք ու անջատում է: Երեկ, ինչ իմացել էր եղբոր մեդալի մասին լուրը, երեք անգամ զանգել է: Արտյոմս ծանոթ զինվորականներին էր զանգում, խնդրում էր, որ իրեն հրետանու վրա տեղափոխեն: Երկուսն էլ վախկոտ չեն, դրա համար հեշտ է իրենց ծառայությունը»,-ասում է Շողիկը:
Մոր ասելով, տղաներն ընդգծված սեր չեն ունեցել զինվորական գործի նկատմամբ, սակայն երկուսն էլ սովորել են Արմավիրի «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում: Ռազմիկը վարժարանում սովորել է 4 տարի, Արտյոմը՝ 1.5:
«Ճիշտ է, ես շատ գոհ ու շնորհակալ եմ Աստծուց, որ նման երեխա ունեմ, հպարտանում եմ նրանով, բայց աչքիս չի գալիս ո'չ մեդալ, ո'չ կոչում, միայն թե ողջ-առողջ գա տուն, ամեն օր ձայնը լսեմ»,-ասում է Շողիկ Հարությունյանը:
Երեկվանից զինվորների մոր հեռախոսը չի լռում, զանգահարում և շնորհավորում են համայնքի բնակիչները, ծանոթներն ու բարեկամները, սակայն տիկին Շողիկն անհամբեր մեկ զանգի է սպասում: Մայրը վստահ է, որ Ռազմիկը լավ է, սակայն շատ է կարոտել նրա ձայնը, ուզում է նրանից հեռախոսով գոնե մեկ բառ լսել:
Խոսելով ավագ որդու երազանքների մասին՝ Շողիկը նշեց, որ որդու առաջնային նպատակը սեփական տունն է: Ընտանիքը տուն չունի: Երկար ժամանակ մայրն ու երկու տղաներն ապրել են վարձով, այժմ բնակվում են Բամբակաշատում՝ մայրական պապի տանը:
«Մինչև պատերազմի սկսելը զանգում էր, թե ծառայությունից հետո որտե՞ղ կցանկանամ, որ տուն գնենք՝ գյուղում, թե՞ Արմավիր քաղաքում: Հետո որոշեց մի քիչ գումար աշխատի, որ ավելի լավ տուն առնի: Իր առաջնային նպատակը տուն գնելն է»,-հավելեց Շ. Հարությունյանը:
Նա վստահ է, որ գյուղում չի լինի մեկը, որ Ռազմիկից դժգոհի: Տղան մարդամոտ է, շփվող, մեծերի նկատմամբ ունի ընդգծված հարգանք: Այդ է պատճառը, որ համայնքում բոլորն անհամբեր սպասում են նրա վերադարձին:
Նյութը hetq.am կայքից: