Էմիլը կրկնում էր՝ կարևոր չէ՝ մարդն ինչքան կապրի, կարևորը՝ որակով ապրի. քույրն ու ընկերը՝ նահատակված Էմիլ Մարտիրոսյանի մասին


Էմիլը կրկնում էր՝ կարևոր չէ՝ մարդն ինչքան կապրի, կարևորը՝ որակով ապրի. քույրն ու ընկերը՝ նահատակված Էմիլ Մարտիրոսյանի մասին
Հոկտեմբեր 22 20:13 2020

Շատ բարի էր, կարեկցող, միևնույն ժամանակ շատ հպարտ էր, երբեք լիարժեք չէր ծիծաղում, միշտ քմծիծաղով էր արտահայտվում: Ընկերները պատմում են՝ հարցնում էինք՝ ոնց ենք քեզ դիմելու ավարտելուց հետո, թաքնված հպարտ ժպիտով պատասխանում էր՝ Էմիլ Սուրենիչ. հպարտ էր, որ բժիշկ է դառնալու, խելագարվում էր իր ընտրած մասնագիտության համար:  Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Էմիլ Մարտիրոսյանի քույրը՝ Մարիամ Մարտիրոսյանը:

«Ընտանիքում երեք երեխա ենք՝ երկու քույր, մեկ եղբայր, Էմիլս տան միակ տղան էր ու մեր փոքրը, ինձնից և քույրիկիցս 10 և 8 տարվա տարբերությամբ էր ծնվել՝ 2001 թվականի հոկտեմբերի 19-ին: Անընդհատ կարդում էր, այնքան երազանքներ ուներ, այնքան կյանքի պլաններ:  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետն  էր ընդունվել ու շատ լավ էր սովորում: Մեծ քույրն էլ է ստոմատոլոգ և իր համար օրինակ էր: Էմիլը շատ էր ուզում համալսարանն ավարտել, հետո բանակ գնալ, որ բժիշկ աշխատեր, ասում էր՝ այդպես ավելի պիտանի կլինեմ»,- պատմեց քույրը:

 

Մարիամ Մարտիրոսյանը նշեց, որ ընտանիքի անդամները շատ վատ վիճակում են, ցավն այնքան մեծ է, որ չեն հասկանում, թե Էմիլի այդքան երազանքներն, ինչպես շուտ ավարտվեցին:

«Միշտ կրկնում էր՝ կարևոր չէ՝ մարդ ինչքան կապրի, կարևորը՝ որակով ապրի: Ասում էր՝ մարդ կա 20 տարի է ապրում, բայց այնքան իմաստով է ապրում, որ 40 տարի ապրողը չի կարողում: Վերջին անգամ սեպտեմբերի 30-ին խոսեցինք իր հետ, չափից շատ հանգիստ էր: Մեծ քույրիկս բալիկի էր սպասում, Էմիլն էլ շատ անհամբեր սպասում էր իր առաջին անգամ քեռի դառնալուն: Ասել էին, որ բալիկը հոկտեմբերի 12-ին է ծնվելու, բայց այնքան ձգձգվեց, որ Էմիլիս ծննդյան օրը ծնվեց՝ հոկտեմբերի 19-ին»,- ասաց քույրը և պատմեց, որ Էմիլը զոհվել է հոկտեմբերի 1-ին, ընտանիքն այդ մասին իմացել է հաջորդ օրը:

Ֆեյսբուքյան էջերը ողողված են Էմիլի մասին պատմություններով, բոլորը խոսում են նրա հայրենասիրության մասին, քույրը պատմեց, որ եղբայրը միշտ Նժդեհի խոսքերն էր մեջբերում՝ «Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»: «Էմիլը մեկ ամսվա ծառայող էր, բայց ծառայությունից շատ գոհ էր, չէր մանրամասնում, միայն ասում էր՝ Հայաստանի և Արցախի ամենալավ զորամասն իմն է, մամ:

Անձնականի մասին Էմիլը չէր խոսում, ընկերուհի չուներ, ասում էր՝ ես բժշկականում եմ սովորում, ոչ մի բժիշկ շուտ չի ամուսնանում, ես դեռ երկար տարիներ պետք է սովորեմ»:

 

Tert.am-ի հետ զրույցում Էմիլի ընկերներից Զեմֆիրա Սահակյանը պատմեց, որ Էմիլը հրաշք ընկեր էր, իր հետ ամեն ինչից կարելի էր խոսել՝ առանց ձանձրանալու: «Չկար մի թեմա, որից նա գաղափար չունենար: Իր հետ պարապմունքի գնալիս՝ հասցնում էր Էմինեմից մինչև «Սասնա ծռեր» խոսել: Շատ սովորող էր, դասերից հետո ես դեռ տուն չէի հասնում, բայց ճանապարհին Էմիլից նամակ էի ստանում, դասերի էջերն էր հարցնում»: