Առաջնագծում զոհված Վաչեն, Արտաշեսը և Ռոմանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի լավագույն ուսանողներն էին․ ինչ է պատմում դեկանը նրանց մասին


Առաջնագծում զոհված Վաչեն, Արտաշեսը և Ռոմանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի լավագույն ուսանողներն էին․ ինչ է պատմում դեկանը նրանց մասին
Հոկտեմբեր 14 21:38 2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներ Վաչե Արարատի Պետրոսյանը, Արտաշես Ռուբիկի Ղարիբյանը և Ռոման Վլադիմիրի Ղարդաշյանը։

Վաչեն 24 տարեկան էր, կովկասագետ։ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է՝ Վաչեն այնքան էր ուզում ծառայել, որ բակալավրիատից հետո, անվճար ընդունվելով մագիստրատուրա, մեկնեց ծառայության՝ վերադառնալու և շարունակելու խոստումով․ «Վաչեն գերազանցիկ, փայլուն տղա էր, որ հրաժարվեց անվճար սովորելու հնարավորությունից ու գնաց հայրենիքին պարտքը տալու։ Հազվագյուտ ուսանողներ կարող են նույն կերպ վարվել»։

Թեև Վաչեն ծառայում էր, սակայն դա չի խանգարել նրան այդ ժամանակահատվածում լինել սիրելի ֆակուլտետում, հանդիպել սիրելի դասախոսներին և ընկերներին։

 

«Չափազանց ընկերասեր, նվիրված, ազգային դիմագիծ ունեցող, մարդկային հարաբերություններում բյուրեղյա մաքրություն ունեցող տղա էր, որին մի քանի անգամ առաջարկել ենք ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահություն, սակայն հրաժարվել է՝ ասելով՝ «ժամանակս կխլի»։ Վաչեն շատ խելացի էր, ավարտական աշխատանքը փայլուն պաշտպանեց, մեծ նվիրում ուներ, հատուկ վերաբերմունք էր ցուցաբերում յուրաքանչյուրին, համեստության տիպար էր, կուրսում շատ էին սիրում նրան»,- սիրելի ուսանողի մասին պատմում է Մինասյանը։

Արտաշեսը 21 տարեկան էր, ապագա հնագետ․ «Թեև Արտաշեսը հորեղբորից ոգևորվելով էր եկել մեր ֆակուլտետ, սակայն շատ էր սիրում մասնագիտությունը։ Շատ համեստ, նվիրյալ, ընկերասեր, բոլորին օգնող, հասկացող անձնավորություն էր»,- վերհիշում է Մինասյանը։

Ռոմանը 19 տարեկան էր, ապագա կովկասագետ․ «Մեր լավագույն ուսանողներից էր, ում բանակ զորակոչվելուց առաջ Աստվածաշունչ էի նվիրել, ընդ որում, ռազմական։ Երբ կանչեցի, Աստվածաշունչը հանձնեցի, ասաց. «Պարոն Մինասյան, խոստանում եմ վերադառնալ, և այն նպատակները, որոնք ինձ հետ եք կապում, իրականացնել»։ Ռոմանը շատ գեղեցկատես էր, նվիրյալ, խելացի, որի հետ մեծ հույսեր էի կապել․ ցավում եմ, որ այսօր չկա»,- ընդգծեց Մինասյանն ու հավելեց․ «Ցավում եմ մեր բոլոր զոհված տղաների համար, խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ, իսկ ռազմաճակատում գտնվողներին ուժ ու կորով եմ մաղթում»։