Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու որևէ մարդասիրական գործողության մեջ ներգրավվել նման իրավիճակում, որովհետև այդ հումանիտար հրադադարը պետք է պահպանվի ամբողջությամբ, որն իր հերթին նաև կապահովի այնտեղ աշխատող մեր թիմերի անվտանգությունը: Մենք տեսնում ենք հրետակոծությունների մասին հրապարակումներ երկու կողմերից էլ»,- ասաց Ամատունին՝ ավելացնելով, որ բնականաբար, նման իրավիճակը թույլ չի տալիս գործողություններ սկսել, նման պայմանները բավարար չեն:
Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության կետերից մեկով նշվում է, որ կրակը դադարեցվում է մարդասիրական նպատակով՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար: Հարցին թե, ովքեր են մտնում «պահպանման տակ գտնվող անձինք» ձևակերպման մեջ, Զառա Ամատունին պատասխանեց, որ այդ կապակցությամբ որևէ հստակեցում առկա չէ:
«Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը որոշում կայացնողների թվում չէ, որովհետև քաղաքական բանակցությունների մեջ ներգրավված չէ: Մեր դերը խիստ մարդասիրական է, ինչը նշանակում է, որ մենք կողմերին աջակցելու ենք կատարել իրենց պարտավորությունները` մարմինների, անձանց վերադարձը: Ինչ վերաբերում է շրջանակին, դա որոշում են կողմերը: Այս պահին մենք կողմերի հետ կապի մեջ ենք այն առումով, որ հայտարարության հետքերով հանդիպումներ ու քննարկում ենք ունենում ներգրավված կողմերի իշխանությունների հետ: Մանրամասները հստակեցվում են»,- նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 440 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։