«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք մարաթոն է անցկացնում, որի շրջանակներում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը կարող են նվիրատվություն անել, որի արդյունքում հավաքված գումարը կուղղվի Արցախում կարիքի մեջ գտնվող մարդկանց, ինչպես նաև սահմանն ամուր պահող զինվորների աջակցությանը:
Հիմնադրամի համազգային դրամահավաք-արշավ մեկնարկել էր օրեր առաջ՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կարգախոսի ներքո: Ներկա պահին, ըստ հիմնադրամի կայքի տվյալների, ընդհանուր առմամբ, հավաքվել է 90 450 876 դոլար:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը քիչ առաջ հորդորել էր բոլոր հայերին միանալ դրամահավաքաին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4569 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։
Դրամահավաքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։
Ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնը՝ հանուն Արցախի․ ուղիղ

