Վահեն շատ բան կարող էր տալ իր հայրենիքին, սակայն ընտրեց ամենաթանկը․ Պատերազմի սերունդը


Վահեն շատ բան կարող էր տալ իր հայրենիքին, սակայն ընտրեց ամենաթանկը․ Պատերազմի սերունդը
Հոկտեմբեր 10 21:14 2020

Հոկտեմբերի 8-ին ռազմական ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ, 32–ամյա Վահե Մելիքսեթյանը։ Վահեն տեսել է, որ վիրավոր զինվորները մնացել են հրթիռակոծության տակ, գնացել է օգնելու, սակայն ինքն է հայտնվել հակառակորդի նշառության տակ։

«Վահեի մայրը՝ տիկին Դարբինյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Վահեն մայրիկին չէր ասել, որ առաջնագծում է։ Առաջնագծից զանգում և ասում էր, որ Գորիսում է։ Շատ դաստիարակված, հավասարակշռված, բարի երիտասարդ էր մեր Վահեն։ Իրենից անընդհատ լույս էր ճառագում», - NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ընտանիքի բարեկամներից Նվարդ Առաքելյանը։

Վահեն որպես բժիշկ ծառայում էր Հայաստանի զինված ուժերում՝ Գորիսում, բայց պատերազմի սկսվելուց հետո որոշել էր մեկնել առաջնագիծ։ Ուսանել էր Իտալիայում ու թեև ուներ շատ հնարավորություն Իտալիայում գիտական գործունեությունը շարունակելու, որոշել էր վերադառնալ հայրենիք։

«Տիկին Դարբինյանն ասում էր, երբ է Վահես գտնելու իր լույսի կտորին, որ Վահեիս հետ ավելի ուժեղ ճառագեն։ Աշխատանքին ու գիտությանն այնքան էր նվիրվել, որ մոռացել էր անձնական կյանքի մասին։ Վահեն ասում էր՝ քանի դեռ հայրենիքիս պարտքս չեմ տվել, ընտանիք չեմ կազմելու։ Հաճախ ասում էր՝ պետք է բուժեմ մեր վիրավոր զինվորներին․ սա է իմ կոչումը, սա է իմ երդումը», - հիշեց Նվարդ Ալեքսանյանը։

Վահեի ուսանողական ընկեր, ուրոլոգ Նաիրի Մելքոնյանն էլ հիշեց. «Վահեի դրական էներգիան վարակիչ էր։ Հայ ազգը կորցրեց բանիմաց բժշկի և հիանալի մարդու։ Վահեն շատ բան կարող էր տալ իր հայրենիքին, սակայն ընտրեց ամենաթանկը՝ իր կյանքը», - նշեց։