Դպրոցից՝ առաջնագիծ․․․զոհված 18-ամյա Էդգարի անավարտ երազանքները


Դպրոցից՝ առաջնագիծ․․․զոհված 18-ամյա Էդգարի անավարտ երազանքները
Հոկտեմբեր 10 20:30 2020

Սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով զոված զինծառայողներից Էդգար Զաքարյանը Երևանից էր։ 18 ամյա քաջորդին սովորել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոցում։ «Դպրոցի պարծանքը։ Խելացի, համեստ, դաստիարակված»,- խոսելով զոհված զինծառայողի մասին Irakanum.am-ի հետ զրույցում հուզմունքը մի կերպ զսպելով ասաց դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը։ «Դպրոցում որեւէ միջոցառում առանց Էդգարի չէր անցնում, նախաձեռնող էր, շատ լավ ասմունքում էր։ Չգիտեմ բառերով նկարագրել հնարավոր չէ, թե ինչ զգացողություն է դպրոցի ուսուցչական կազմի մոտ, երբ ցավով տեղեկացանք, որ մեր բոլորիս սիրելի Էդգարը զոհվել է»,-ասաց տնօրենը։

Ռիմա Դավթյանի խոսքով՝ դպրոցում յուրաքանչյուր տարի Վերջին զանգի արարողությունը մեծ շուքով են նշել, այս տարի պայմանավորված կորոնավիրուսի համավարակով՝ չեն արել։ Բայց դպրոցն ավարտող աշակերտներին, որոնց մեջ եղել է նաեւ Էդգար Զաքարյանը խոստացել էին ծառայությունն ավարտելուց հետո, անպայման հավաքվելու են նույն կազմով, տոնելու երկու առիթ պետք է ունենային՝ վերջին զանգ ու բանակից զորացրում։ Ցավոք Էդգար Զաքարյանը զոհվեց հայրենիքի պաշտպանության ժամանակ։

«Բոլոր ուսուցիչները Էդգարին շատ էին սիրում, ինքն էլ կապված էր բոլորի հետ։ Անգամ ծառայության ժամանակ հնարավորության դեպքում զանգում էր դպրոց, խոսում ուսուցիչների հետ։ Վերջին անգամ Էդգարը ուսուցիչներից մեկին զանգել էր հոկտեմբերի 5-ին՝ մանկավարժների օրվա առթիվ շնորհավորելու։ Կես բառ էր հասցրել փոխանակել․․․»,- պատմեց տնօրենը։
Էդգար Զաքարյանի նպատակներից գլխավորն էլ կրթությունը շարունակելն էր։ Դպրոցն ավարտելուց հետո բանակ էր զորակոչվել։ 18-ամյա հերոս քաջորդին Երևանում բնակվում էր ծնողների հետ։ Տան միակ արու զավակն էր, ուներ իրենից մեծ քույր։

«Դպրոցի պարծանքը հիմա դարձել է դպրոցի ցավը․․․անդառնալի կորուստյան վիշտը ծանր է։ Չէ, որ Էդգարին խոստացել էին զորացրվելուց հետո Վերջին զանգ պետք է անեին, նա էլ նորից բեմ էր բարձրանալու ու ասմունքելու էր․․․»,- արցունքոտ աչքերով եզրափակեց Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոցի տնօրենը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։