«Ադրբեջանն արդեն փորձում է Մադրիդյան-Կազանյան փաստաթուղթը պարտադրել Հայաստանին»․ Հ․ Մարտիրոսյան


«Ադրբեջանն արդեն փորձում է Մադրիդյան-Կազանյան փաստաթուղթը պարտադրել Հայաստանին»․ Հ․ Մարտիրոսյան
Հոկտեմբեր 10 19:35 2020

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա հասկանո՞ւմ ենք ինչ է կատարվում: Եթե ո՛չ շտապ կարդանք Ադրբեջանի ԱԳ հայտարարությունը:
     Դա, ի թիվս անցյալի անչափ տխուր արտացոլում և ժառանգություն հանդիսանալու, նաև հրադադարի պայմանավորվածության լիակատար ձախողում է` Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի և կարգավիճակի բացահայտ և հրապարակային նսեմացմամբ:
     Միաժամանակ Ադրբեջանը արդեն ռազմական ուժով փորձում է Մադրիդյան-Կազանյան փաստաթուղթը պարտադրել Հայաստանին:
     Ադրբեջանն, ակնհայտորեն, իր յուրաքանչյուր քայլը հստակ և շատ մանրակրկիտ է պլանավորել:
     Միաժամանակ` ամերիկյան ֆինանսական ենթամշակույթում հայտնի` Fake it till you make it (կեղծիր և խաբիր` մինչև հաջողես կեղծիքն ու խաբածդ իրականություն դարձնել) սցենարով շարունակական հարձակումներ է իրականացնում հատկապես հարավային ուղղությամբ, երբ առանց գրավելու հայտարարում են Հադրութի անկման մասին, հետո հանդիպելով հայկական ուժերի հերոսական դիմադրության` այնուամենայնիվ փորձում անընդհատ գրոհներ ապահովել` վերջնանպատակին հասնելու հույսով:
     Ստեղծված իրավիճակում`
     Կտրուկ, անպատկերացնելի, այո՛, մաքսիմալիստական, հրատապ քայլեր են անհրաժեշտ:
     Այդ թվում` շտապ, անհետաձգելի ծավալուն ռազմական օգնության հրապարակային, ոչ գաղտնի դիմում Ֆրանսիային, գաղտնի դիմում Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին` տրամադրել Հայաստանին ռազմական հապճեպ օգնություն:
     Հարվածներ Ադրբեջանի տնտեսական ենթակառուցվածքներին` երկրի ողջ տարածքով:
     Արցախի կայծակնային վերամիավորում` մեկ հայտարարությամբ` հիմք ընդունելով ոչ թե Ստալինի կողմից Արցախի` որպես ԼՂԻՄ Ադրբեջանի կազմ մտցնելը, այլ` ՀՀ Առաջին Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի հանդեպ պատմաիրավական արդարության վերահաստատումը:
     Այդ նույն հիմքի վրա դիմել ՀԱՊԿ-ին` որպես Հայաստանի Հանրապետության տարածքի Արցախի և նախապատերազմյան ՀՀ-ի Սյունիքի հատվածներում հարձակման ենթարկված ռազմական դաշնակցի` տրամադրել ռազմական ամբողջական, մեծածավալ և անհետաձգելի օգնություն` առանց որևէ նախապայմանների և առանց խաղաղապահների ներկա կամ հետագա տեղավորման որևէ հնարավորության:
     Անհետաձգելի, անպատկերացնելի, անվարանելի, անվեհեր քայլեր են անհրաժեշտ:
     Հիմա´, հիմա´, հիմա´»: