Ռուսական «Վեկտոր» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը բացատրել է, թե որ դեպքում կարող է մարդու մոտ հավերժ իմունիտետ ձևավորել կորոնավիրուսի նկատմամբ:
«Իմունային համակարգի որոշակի յուրահատկությունների պարագայում և այն դեպքում, երբ հիվանդությունը ծանր է ընթացել, կարող եմ ենթադրել, որ կարող է մշտական իմունիտետ ձևավորվել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է մասնագետը:
Վերջինս նաև պատմել է իրենց կենտրոնի կողմից մշակվող պատվաստանյութի մասին: Մակսյուտովի խոսքով՝ «Քովիդ-19»-ի դեմ հակամարմիններ են ձևավորվում առաջին պատվաստումից 14 օր անց, սակայն պաշտպանության համար անհրաժեշտ շեմը ձևավորվում է երկրորդ ներարկումից հետո: Ներարկումների միջև ընկած ժամանակահատվածը կազմում է 21 օր:
Մակսյուտովը հայտնել է, որ «Վեկտորը» նախատեսում է երկու պատվաստանյութ քաղաքացիական շրջանառության մեջ դնել՝ կորոնավիրուսի կանխարգելման համար:
Այժմ կենտրոնում ավարտվում են կլինիկական փորձարկումները: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի խոսքով՝ փորձարկումները հաջող են ընթանում:
«Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի գրանցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 15-ին: