Ալիևը հայտարարում է՝ հայ հանրությունը «հիվանդ հանրություն» է, 4 օր է համերգների հանդիսատեսի քանակը հաշվող կառավարությունից չկա որևէ համարժեք արձագանք. Բադալյան


Ալիևը հայտարարում է՝ հայ հանրությունը «հիվանդ հանրություն» է, 4 օր է համերգների հանդիսատեսի քանակը հաշվող կառավարությունից չկա որևէ համարժեք արձագանք. Բադալյան
Օգոստոս 25 17:12 2025

«Իլհամ Ալիևը հայտարարում է, որ հայ հանրությունը «հիվանդ հանրություն» է և ինքը բաց ասում է այդ մասին:

Անցել է մոտ չորս օր: Հայաստանում համերգներն ու համերգների հանդիսատեսի քանակը հաշվող կառավարությունից չկա որևէ համարժեք արձագանք»,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Նա շարունակել է.

«Բայց, միայն առաջին հայացքից է արձագանքի բացակայություն: Գործնականում, արձագանքը ոչ թե բացակայում է, այլ հենց Հայաստանի կառավարող ուժն է «պատմական Հայաստանին» տրվող իր գնահատականներով ստեղծում այն ֆոնը, որի վրա էլ Ալիեւը արդեն խոսում է ավելի ուղիղ եւ բաց:

Կառավարող ուժն է ստեղծում հայ ժողովրդի «կոնֆլիկտային հայրենասիրության» նկարագիրը, որն Ադրբեջանի նախագահի շուրթերին արդեն վերածվում է «հիվանդության»:

Այն դեպքում, երբ անցնող ավելի քան երեք տասնամյակում հայ ժողովրդի վարքագիծը հենց իր՝ Ալիեւի եւ նրա իշխանության վարքագծի համեմատությամբ ոչ միայն առողջ է եղել, այլ՝ ուղղակի «անառողջության աստիճանի առողջ»:

Այն հայատյացությունը, որ պաշտոնական մակարդակով պրոպագանդել է Բաքուն, Հայաստանում կարող էր ունենալ հայելային արտացոլում, բայց չի ունեցել: Որովհետև հայ հանրությունը իսկապես առաջնորդվել է առողջ ելակետերով: Հայ հանրությունը չի եղել կոնֆլիկտի աղբյուր, եղել է թիրախ՝ ատելության թիրախ: Բայց, անգամ այդ պարագայում Հայաստանում չի ձեւավորվել հայելային ատելության մթնոլորտ:

Հիմա ինչ որ մարդիկ իրենց իշխանությունն ու բարեկեցությունը պահելու համար փորձում են ստանալ «կոնֆլիկտային հանրության» նկարագիր, հակառակորդ երկրի ղեկավարին էլ տալով այդ ժողովրդին «հիվանդ» անվանելու հնարավորություն»: