ՀՊՏՀ-ում դասերի դադարեցումը չի կարող տեղավորվել ո՛չ բարոյականության, ո՛չ օրինականության շրջանակներում․ ռեկտորի նախկին պաշտոնակատար (տեսանյութ)


ՀՊՏՀ-ում դասերի դադարեցումը չի կարող տեղավորվել ո՛չ բարոյականության, ո՛չ օրինականության շրջանակներում․ ռեկտորի նախկին պաշտոնակատար (տեսանյութ)
Սեպտեմբեր 25 00:22 2020

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի կազմկոմիտեն օրերս հայտարարեց՝ ուսումնական գործընթացը դադարեցնում են. պատճառը Դիանա Գալոյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակման հետաձգումն է։ 

Ուսումնական գործընթացի դադարեցման մասին որոշմանը դեմ է Համալսարանի ֆինանսների ամբիոնի ասիստենտ Ասյա Խալաթյանը, ըստ նրա՝ Համալսարանը վարչական լծակ է կիրառում. ստիպում է դասախոսներին՝ դադարեցնել դասերը․«Սա կատարվում  է սատարելու համար  կոնկրետ անձի, այս պայքարը անձանավորված է»։

Սակայն ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր և ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ասում է՝ ուսումնական գործընթացի դադարեցումն ընդամենը  Համալսարանում առաջացած  խնդրի վրա ուշադրություն գրավելու միջոց է, դրանից առաջ նրանք Կառավարության դիմաց բողոքի ակցիա են արել, բայց՝ ապարդյուն․

Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ ճիշտ է՝ ուսումնական գործընթացը դադարեցվել է, բայց ցանկության դեպքում դասախոսներն ունեն դասապրոցեսը շարունակելու  հնարավորություն, այս ընդմիջումը չի խանգարում դասախոսներին դասապրոցեսն անցկացնել օնլայն տարբերակով.«Դասախոսների ճնշող մեծամասնությունը որոշել է, որ այսպես թե այնպես չի իրականացնելու դասապրոցեսը»։

Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ Գիտխորհրդի կողմից ռեկտորի ընտրությունն անցկացվել է օրինական կերպով, հետևաբար՝ իրենք պահանջում են, որ նոր ռեկտորը որքան հնարավոր է շուտ նշանակվի այդ պաշտոնում, իսկ Համալսարանն անցնի իր առօրյա կյանքին:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Կառավարության լռությունը այս հարցի վերաբերյալ, Արմեն Գևորգյանը հրաժարվեց պատասխանել։

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն էլ համալսարանի գործունեության կասեցման այս որոշումն օրինախախտում է որակում. սրանով խախտվել է ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքը․ «Այստեղ վեճը գործատուի և կառավարության միջև է, հետևաբար այս պայքարը չի կարող տեղավորվել ո՛չ բարոյականության շրջանակներում՝ հաշվի առնելով, թե քանի ուսանողի է վնաս հասցվում սրանով, և ո՛չ էլ օրինականության շրջանակներում, և հետևաբար Կառավարությունը կարող է օգտվել իր լիազորությունից և անվավեր համարել մրցույթի արդյունքները»։

Թե ինչ հանգուցալուծում կստանա Տնտեսագիտական համալսարանի շուրջ ստեղծված այս թնջուկը, դեռևս պարզ չէ: Միայն հայտնի է՝ բողոքի ակցիան դեռ շարունակվում է։