Կփոխվե՞ն արդյոք այս տարի Հայաստանում խաղողի գնման գները․ պարզաբանում է փորձագետը


Կփոխվե՞ն արդյոք այս տարի Հայաստանում խաղողի գնման գները․ պարզաբանում է փորձագետը
Սեպտեմբեր 16 22:00 2020

Անցյալ տարի արտադրված ալկոհոլային խմիչքների 60-70%-ը չի իրացվել, այս տարվա խաղողի բերքի 30-40%-ը արտադրողները կգնեն նախորդ տարվա գներով (անցյալ տարվա միջին գինը մեկ կիլոգրամի համար 150 դրամ էր - խմբ.), իսկ մնացած մասը, որը կգնա սպիրտի կամ օղու արտադրության համար, կգնվի ավելի ցածր գներով: Այս մասին սեպտեմբերի 16-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գինու ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը:

Նա հաստատեց, որ այժմ արտադրողները խաղողը գնում են 130-140 դրամով, գինը կնվազի 5-10 դրամով, իսկ սեզոնի ավարտին կրկին կթանկանա:

«Ինչ վերաբերում է խաղողի բերքի ծավալին, ապա այս տարի այն կկազմի 140 հազար տոննա (պետության գնահատմամբ՝ 170 հազար տոննա): Խնդիր կառաջանա կապված 40 հազար տոննա, իսկ կրիտիկական խնդիր` 20 հազար տոննա արտադրանքի իրացման հետ: Բացի կորոնավիրուսի ճգնաժամից, իրավիճակը բարդացնում է աննախադեպ բերքի ծավալը, որը 20-30%-ով բարձր է վերջին 20 տարվա միջին տարեկան ցուցանիշից: Չնայած դրան, ինքնարժեքն ավելի քիչ է իջնում՝ ընդամենը 15-20%-ով»,- հավելեց նա:

Հարությունյանը պարզաբանեց, որ շուկան ձեւավորում է Երեւանի կոնյակի գործարանը՝ հայտարարելով իր գնման ծավալը եւ գինը, իսկ մնացած գործարաններն իրենց գործունեությունը կազմակերպում են դրանից ելնելով:

«Կոնյակի խոշոր արտադրողները սեզոնի ընթացքում 15-20 դրամով իջեցնում են գնման գինը, իսկ փոքր գործարանները, որոնք մրցակցային միջավայրում կենտրոնացած են որակի վրա, ընդհակառակը, ավելացնում են 5-10 դրամով: Ամենաբարձր գնով բերքի 25%-ը գնում է Երեւանի կոնյակի գործարանը, մնացածը գնում են այլ ձեռնարկություններ՝ 5-10 դրամով ցածր գնով: Ամենավատ որակի խաղողը սեզոնի վերջում գնվում է 15-30 դրամով պակաս: Բոլոր գործարանները պատրաստվում են գնումների ծավալը կրճատել շուրջ 20%-ով: Հնարավոր են նաեւ աշխատողների ժամանակ առ ժամանակ կրճատումներ, բայց զանգվածային կրճատումներ չկան, քանի որ այնտեղ պատահական մարդիկ չեն աշխատում, նրանք ունեն երկար տարիների փորձ եւ արժեքավոր կադրեր են»,- ընդգծեց փորձագետը:

 

Նրա գնահատականով՝ այս տարի երկրում ալկոհոլի արտադրության ողջ ոլորտը կկորցնի իր շրջանառության առնվազն 30%-ը, բացառությամբ օղու, որը մինչեւ տարեվերջ շահույթով դուրս կգա: