Բելառուսում տնտեսության պոտենցիալ անկումը նշանակելու է վտանգ նաև ԵԱՏՄ-ի համար. բելառուսցի փորձագետ


Բելառուսում տնտեսության պոտենցիալ անկումը նշանակելու է վտանգ նաև ԵԱՏՄ-ի համար. բելառուսցի փորձագետ
Օգոստոս 26 15:00 2020

Տնտեսական հարցերով բելառուսցի մասնագետ Լև Լվովսկիի խոսքով`Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ապագան կախված է նրանից, թե որքան արագ կավարտվի երկրում ստեղծված հակասությունների արդյունքում անորոշ իրավիճակը և թե ինչպիսին կլինի այդ անորոշության ելքը: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց`անդրադառնալով իրենց երկրում ստեղծված իրավիճակին:

«Վերցնենք երկու սցենար: Եթե Լուկաշեկոյին հաջողվի կոտրել բողոքը և մնալ իշխանության, կարևոր կլինի, թե նրան դա ինչպես կհաջողվի: Եթե նա ոչ մի երկխոսության չգնա և փորձի ուժի միջոցով կանգնեցնել բողոքը, ապա Բելառուսի տնտեսական վիճակը կդառնա ոչ այդքան նախանձելի: Բոլոր բնագավառներում արդյունավետությունը անկում կապրի, բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսք կլինի երկրից, հատկապես ՏՏ ոլորտի մասնագետերի մեծ մասը գնա, կլինեն բարդ խնդիրներ մեր առանց այդ էլ շատ բարձր տոկոսներով պետական պարտքի վերաֆինանսավորման հարցում»,- ասաց նա:

Բելառուսցի տնտեսագետի խոսքով` Լուկաշենկոյի կողմից իշխանությունը ուժով պահելու դեպքում կփակվեն նաև Արևմուտքի դռներն իրենց համար, իսկ դա նշանակում է, որ իրենց կողքին մնացող խաղացողները` Ռուսաստանը և Չինաստանը, եթե անգամ ցանկանան տալ իրենց պարտք, ապա նրանց ձեռքում կլինի շուկայի ուժը և հետևաբար նրանք ավելի բարձր տոկոսադրույքներով Բելառուսին կտան այդ գումարները:

«Երբ մենք խոսում ենք պետական պարտքի մասին, պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան չի ճանաչել Բելառուսում կայացած ընտրությունները: Լուկաշենկոյի ներկա մանդատը մինչև նոյեմբեր է գործում, իսկ դա նշանակում է, որ նոյեմբերի 10-ից հետո Լուկաշենկոյի կողմից ստորագրված պայմանագրերը գուցե հնարավոր չլինեն բողոքարկել միջազգային դատարաններում: Այսինքն` եթե Լուկաշենկոն Ռուսաստանից, օրինակ, վերցնի 3 միլիարդ դոլարի վարկ, ապա հետո Բելառուսի կողմից դա չմարվելու դեպքում Ռուսաստանը չի կարող բողոքել միջազգային դատարանում»,- ասաց նա`նշելով, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում Յանուկովիչի ժամանակ նման փորձ ունեցել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։