Հարավային Կորեայի եկեղեցիներից մեկի այցելուների շրջանում կորոնավիրուսի բռնկում է սկսվել: CNN-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի իշխանությունները բողոք են ներկայացրել եկեղեցու ղեկավարի դեմ՝ նրան մեղադրելով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին օրենքը խախտելու և հավաքներ անցկացնելու մեջ:
Սեուլում տվյալ եկեղեցու այցելուներից 315-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Եկեղեցու 4000-ից ավելի այցելուներից շուրջ 50 տոկոսի հետ իշխանությունները չեն կարողացել կապ հաստատել, 1207 հոգու թեստավորել են, մնացածն էլ սպասում են թեստավորման:
Սեուլի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքի 7560 եկեղեցիների արգելվել է հավաքներ անցկացնել համավարակի պատճառով, քանի որ հավատացյալները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը:
Հարավային Կորեան սպառնացել է հավաքների անցկացման խիստ սահմանափակումներ մտցնել:
Եկեղեցին մամուլի ասուլիս է անցկացրել՝ հերքելով կանոնները խախտելու մեղադրանքները: Նրանք իրենց հերթին հայտարարել են, որ զրպարտության համար դատի կտան իշխանություններին:
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Հարավային Կորեայում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 15.515 դեպք, որոնցից 305-ը՝ մահվան ելքով: