Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեին:
«Այսօր առավոտվա դրությամբ վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել»,-հայտարարել է Գամկրելիձեն:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 20 մարդ:
Այսպիսով, վերջին տվյալներով, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 879 դեպք, վարակվածներից 724-ը բուժվել է, 14-ը` մահացել:
2710 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 267 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 8 120 087 է, մահացել է 439 228 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: