Այս օրերին շտապօգնությունն իր կազմով կատարում է ահռելի ծավալի աշխատանք։ Այս մասին պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում ասաց «Շտապօգնության» Կենտրոն ենթակայանի սրտի վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը:
Նա նշեց, որ ըստ վերջին ցուցումների՝ հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք ջերմում են 38 աստիճանից ոչ ավելի, արյան թթվածնով հագեցվածությունը կազմում է 93 և ավելի տոկոս, շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է։ Նա շեշտեց, որ այն վարակակիրները, որոնք ավելի լավ վիճակում են, քան նշված ցուցանիշներով քաղաքացիները, ենթակա են բուժապահովման պոլիկլինիկաների կողմից։
«Հիվանդները երբեմն պոլիկլինիկա դիմելու փոխարեն կրկին դիմում են շտապօգնություն, չեն ուզում սպասել, երբեմն էլ պետք է լինում հոգեբանական աջակցություն ցույց տալ այն հիվանդներին, որոնք պարզապես վախեցած են հիվանդությունից, բայց ենթակա չեն հոսպիտալացման»,- ասաց նա: