Կան բարեկամ երկրներ, որոնք պատրաստ են աջակցել մեզ. Շատ կարեւոր է չմերժել նրանց ժեստը. ՀՀ վարչապետ


Կան բարեկամ երկրներ, որոնք պատրաստ են աջակցել մեզ. Շատ կարեւոր է չմերժել նրանց ժեստը. ՀՀ վարչապետ
Հունիս 11 19:36 2020

Օգնություն մենք առաջին հերթին պատրաստվում ենք խնդրել ՀՀ քաղաքացիներից: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում բժիշկների ու դեղորայքի տեսքով:

«Մեր ուղերձը հետեւյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, եւ եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք:

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթ թվերը մնան այս սանդղակում, ապա մեր առողջապահապան համակարգը արդեն պատրաստվել է այդ բեռը կրելուն: Բայց մյուս կողմից կան բարեկամ երկրներ, որոնք ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին, պատրաստակամությունն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ այստեղ մեզ համար շատ կարեւոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել:

Մենք կարծում ենք, որ այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են եւ այն երկրները, որոնք մեր հանդեպ կանեն բարեկամական ժեստ, մենք այդ երկրների աջակցությունը կընդունենք: Այդ ժեստը առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական  եւ հետո միայն առողջապահական: Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք մեզ օգնում են, եւ իհարկե, պատրաստ ենք օգնել մեր բոլոր բարեկամներին դժվարին պահերին»: