Ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է. Փաշինյան


Ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է. Փաշինյան
Հունիս 10 22:44 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս և վերջնական հնարավոր չէ ասել, թե իրավիճակը կայունացել է:

«Բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար: Ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման խնդիրն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր բնակիչների մեծամասնությունը կրում է դիմակ, հետևում կանոններին, բայց դեռևս ցանկալի արդյունք չունենք:

«Այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար: Այս թիվն ասում եմ ցավով, որովհետև մեր նպատակը տուգանելը չէ: Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված: Ըստ էության, մենք ակտիվ դեպքերի որոշակի նվազում ենք արձանագրել»,-նշել է վարչապետը: