Եվրոպական միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը:

Եվրամիության պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հայտարարությունում դաշինքը կոչ է անում նաև տարածաշրջանային դերակատարներին զերծ մնալ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարը։ Եվրամիությունը նաև հորդորում է տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա գրոհայիններին։

«Եվրամիությունը կհետևի հրադադարի դրույթների, մասնավորապես դրա մշտադիտարկման իրագործմանը»,- ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Բրյուսելն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Դաշինքի համոզմամբ` պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ծավալուն հայտարարությունում Եվրամիությունը կրկին շեշտել է ուժի, մասնավորապես կասետային զենքի և այլ արգելված զինատեսակների կիրառման անթույլատրելիությունը «որպես հակամարտությունների կարգավորման միջոց»:

Դաշինքի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հիշեցրել է միջազգային իրավունքների՝ ռազմագերիների փոխանակման և զոհերի աճյունների վերադարձի մասին պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտության մասին։ «ԵՄ-ն կարևորում է տեղահանված բնակչության համար հնարավոր լավագույն պայմանների երաշխավորումը՝ մարդասիրական մուտք, կամավոր, անվտանգ, արժանապատիվ վերադարձ ունենալու Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ»:

Եվրամիությունն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում մշակութային ու կրոնական ժառանգության կառույցների պահպանման և վերականգնման կարևորությունը. «Բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել, պետք է հետաքննվեն»: