Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող The National պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալներին և հարցազրույց ունեցել նրանցից մեկի հետ:

«Լեռնային Ղարաբաղում գտնվող Թուրքիայի սիրիացի զինյալները հարցնում են. ինչո՞ւ ենք մենք այստեղ» հոդվածում լրագրողը զրուցել է 24-ամյա Իբրահիմի հետ, որը նշել է, որ գումարի համար է եկել Ադրբեջան և փոշմանել դրա համար:

«Ռազմական ինքնաթիռները ուժեղ հարվածներ են հասցնում մեզ: Մենք այնքան շատ տղաներ ենք կորցրել, որ նույնիսկ հաշվել չեմ կարող: Չգիտեմ՝ ինչ ենք անում այստեղ: Նույնիսկ գումարը  պատճառ չէ այս սարսափ ֆիլմում հայտնվելու համար: Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չենք կարող այստեղից փախչել»,- ասել է սիրիացի վարձկանը:

Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմել է, որ ադրբեջանական զորքերը, որոնց կողքին իրենք պետք է կռվեին, իրենցից մի քանի կիլոմետր ետ են, և իրենց խմբին աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները:

Հուսով եմ, որ կկարողանանք առողջ վերադառնալ մեր տները», — ասել է Իբրահիմը:

WhatsApp- ի միջոցով տարածելով իր գտնվելու վայրը պարզ է դարձել, որ նա գտնվում է առաջնագծում՝  Ադրբեջանի Ահմեդալիլար գյուղի մոտ և Իրանի հետ սահմանին մոտ:

«Նրանք մեզ տվեցին սնունդ, ռազմական համազգեստ և այնպիսի զենքեր, ինչպիսիք էին դիպուկահար հրացանները և հակատանկային հրթիռները, բայց մենք ուժեղ ռմբակոծության տակ ենք: Միայն ուրբաթ օրը 6 զոհ ունեցանք և 30 վիրավոր, որոնց ստիպված էին Բաքու տեղափոխել»,- ասել է Իբրահիմը:

Ըստ Իբրահիմի հաշվարկների՝ Ղարաբաղում մոտ 3 000 սիրիացի զինյալ է կռվում:

Նա նաև պատմել է, որ իրեն առաջարկել են պայմանագիր կնքել 3 ամսով, ամսական 1300 դոլար աշխատավարձով: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ ռազմական գործողությունների սկսվելուց 3 օր առաջ: