«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու թեմային։
«Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։ Երեկ «Արսենալը» պաշտոնապես հայտարարեց, որ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, թիմակիցների հետ չի մեկնի Բաքու։
«Ես հիասթափված եմ ստեղծված իրավիճակից, քանի որ ցանկանում էի Մխիթարյանին տեսնել խաղադաշտում։ Իսկապես շատ կցանկանայի նրան խաղադաշտում տեսնել, բայց այս իրավիճակում պետք է հարգել նրա որոշումը։ Հարգել ոչ թե ֆուտբոլիստի, այլ անձի կայացրած որոշումը»,- Սարիի խոսքը մեջբերել է The Guardian-ը։
Բացի այդ, Մաուրիցիո Սարին նշել է, որ երկրպագուների համար ավելի լավ կլիներ, եթե եզրափակչի անցկացումն ՈւԵՖԱ-ն այլ քաղաքի վստահեր․
«Ես հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը։ Սա մեր երկրպագուների համար լուրջ խնդիր է, դրա համար կարծում եմ, որ ավելի լավ կլիներ եզրափակիչն այլ վայրում անցկացներ։ Մենք աշխատում ենք, խաղում ենք երկրպագուների համար»,- ասել է իտալացի մասնագետը։