Դեկտեմբերի երկուսին Արմավիր քաղաքում Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տեղի բնակիչներին:
Ծառուկյանը նախ հարգանքի տուրք մատուցեց Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանի մոտ, այնուհետև քայլերթով շարժվեց դեպի կենտրոնական հրապարակ:
Արմավիրում ևս Ծառուկյանին ընդունեցին աղ ու հացով, երգ ու պարով,ցուցադրվեցին մարզական ելույթներ:
ԲՀԿ առաջնորդը բնակիչներին ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը, որտեղ ներառաված են տնտեսական հեղափոխության, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու, ուսանողներին ուսման վարձով աջակցելու և այլ հարցեր:
Լրագրողների այն հարցին, թե քիչ թվով ձայներ ստանալու դեպքում, կշարունակի՞ իր ծրագրերն ու խոստումներն իրականացնել, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Անկախ նրանից, թե որքան ձայն կտա ժողովուրդը, ես իմ խոստումները կատարելու եմ: Խմ խոսքը գործ է, ես երբեք չեմ ասում մի բան, որը չեմ իրականացնելու: Ավելին ասեմ, այժմ արդեն բնակարանաշինության աշխատնքները մեկնարկել են Աբովյան քաղաքում, դա թող օրինակ լինի»:
Գագիկ Ծառուկյանը նշեց, նաև, որ աջակցում է Փաշինյանին և ասաց, որ միայնակ գործ անել չի լինի:
«Պետք է մեկս մյուսին աջակցելով կարողանանք ժողովրդի վիճակը բարելավել: Ես միշտ ժողովրդի կողմից եմ, որոշողը ժողովուրդն է»,-շեշտեց ԲՀԿ առաջնորդը:
Նշենք, որ ԲՀԿ ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ցուցակում ընդգրկված է 169 թեկնածու: Առաջին եռյակում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը: Նրանց հաջորդում են Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը: