Անկախ նրանից թե ինչ քաղաքական ուժ կլինի, ՔՊ, ՀՅԴ և այլն, եթե կկարողանա ժողովրդի համար լավ ծրագրեր իրականացնել , ես նրա կողմնակիցն եմ: Այս մասին Արագածոտնում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ես ոչ թե պաշտոնի կարիք ունեմ, այլ ես կարիք ունեմ, որ իմ ժողովուրդն իրեն լավ զգա: Կարևորն ինձ համար գումարը չէ, կարևորը մթնոլորտն է,ժողովրդի տրամադրությունը, դեմքների ժպիտը: Ես ուզւոմ եմ՝ իմ երեխաները լավ ու երջանիկ երկրում ապրեն»,-ասաց նա:
Ծառուկյանն անդրադառնալով տնտեսական աճի հարցին՝ նշեց, որ տնտեսական աճը երևում է մարդկանց սառնարանների պարունակությունից, պարտքացուցակներից,հագուկապից:
«Այսօր անհնարին բան չկա, միայն սրտացավություն է պետք: Պետք է այնպիսի քայլ կատարել, որ մարդն զգա, որ իր համար ինչ-որ բան են անում,որ իր հոգսով զբաղվող կա: Ես ինչով կարողանում եմ, օգնում եմ, իմ խոսքը գործ է, ես սուտ խոստումներ չեմ տալիս»,-ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ պետք է աշխատատեղեր ստեղծել մարդկանց համար, որպեսզի նրանք էլ իրենց ուժեղ զգան, քանի որ այսօր ուժեղ մարդկանց հետ են հաշվի նստում:
«Ես հենց հիմա էլ կարող եմ շատերիդ հարցերին լուծում տալ, բայց կասեն Ծառուկյանը նախընտրական կաշառք է բաժանում,կամ խոստանում, դրա համար ,խնդրում եմ այդ հարցերով մոտեցեք ընտրություններից հետո: Ես միշտ էլ անկախ ընտրություններից մտածել եմ իմ ժողովրդի համար ու մտածելու եմ, թող ով, ինչ ուզում է ասի: Մենք կախարդական փայտիկ չունենք, պարզապես ունենք հստակ ծրագերր, որոնք կարող են կարճ ժամանակում բարելավել մարդկանց ապրելակերպը»,-շեշտեց Ծառուկյանը: