Դեկտեմբերի 9-ին կայանալիք Խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավի շրջանակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ: Աշտարակ և Թալին քաղաքներում բնակիչներին հնարավորություն տրվեց անձամբ հարցեր ուղղել Գագիկ Ծառուկյանին ու հանձնել իրենց նամակները՝հույս ունենալով, որ դրանք անպատասխան չեն մնա:
Աշտարակ քաղաքում ԲՀԿ առաջնորդը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը, անդրադարձավ երիտասարդներին մատչելի բնակարաններով և շրջանի ժողովրդին աշխատատեղերով ապահովելու դրույթներին:
ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաև Արցախի խնդրին:
«Առանց Արցախի մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել: Ղարաբաղի խնդիրը ժողովուրդը վաղուց կարգավորել է, միայն մնում է, որ այն միջազգային ճանաչում ունենա, որ Ղարաբաղի նախագահին ոչ թե միայն մի քանի երկիր ընդունի, այլև ամբողջ աշխարհը»,-ասաց նա:
Նշենք, որ ԲՀԿ ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ցուցակում ընդգրկված է 169 թեկնածու: Առաջին եռյակում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը: Նրանց հաջորդում են Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը: