Հայաստանում հանդես կգա աշխարհի լավագույն «Բաթերֆլայ»-ներից մեկը՝ Ջակոմո Պուչինիի համանուն օպերայում


Հայաստանում հանդես կգա աշխարհի լավագույն «Բաթերֆլայ»-ներից մեկը՝ Ջակոմո Պուչինիի համանուն օպերայում
Հոկտեմբեր 23 15:21 2018

Տասը տարվա ընդմիջումից հետո Երևանում, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կհնչի Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» հանճարեղ օպերան:

Օպերային աշխարհի կարևորագույն «Բաթերֆլայ»-ներից մեկը, Լիանա Ալեքսանյանը, կկերտի Մադամ Բաթերֆլայի կերպարը՝  Ջ. Պուչինիի համանուն օպերայում: Հարությունյանը 2016թ.-ին այս դերերգով բացել է Լա Սկալայի թատերաշրջանը՝ Ռիկարդո Շաիլիի ղեկավարությամբ, ով  աշխարհի լավագույն դիրիժորներից է: Բաթերֆլայի դերում նրա նշանակալից ելութներից է եղել նաև Տեատրո Կոլոնի (Բուենոս Այրես, 2014թ.) ներկայացումը՝ բեմադրված լեգենդար օպերային ռեժիսոր Հուգո դե Անայի կողմից:

Չիո-Չիո Սան (Մադամ Բաթերֆլայ)՝ Լիաննա Ալեքսանյան  (սոպրանո, Գերմանի),  Սուձուկի, նրա աղախինը՝ Օլեսյա Պետրովա  (մեձո սոպրանո, Ռուսաստան) Պինկերտոն, ԱՄՆ Ռազմածովային ուժերի լեյտենանտ՝ Հովհաննես Անդրեասյան (տենոր, Հայաստան), Շարպլես՝ ԱՄՆ կոնսուլ՝ Մկրտիչ Բաբաջանյան (բարիտոն, Գերմանիա/Հայաստան): Բեմադրող-դիրիժոր՝ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, բեմադրող-ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան: Մասնակցությամբ ՀԱՖՆ-ի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սոնա Հովհաննիսյան): Ներկայացման պրեմիերան կկայանա Ալ.Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում, հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին:

Օպերայի գործողությունները տեղի են ունենում 1900-ական թվականներին՝ Նագասակիում (Ճապոնիա): Առաջին կատարումը տեղի է ունեցել 1914թ.-ի փետրվարի 17-ին, Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում,  սակայն ներկայացումը տապալվեց: Պուչինին որոշակի շտկումներով՝ երեք ամիս անց, այն ներկայացրեց Բրեշայի օպերային թատրոնում, որտեղ օպերան ունեցավ շռնդալից հաջողություն և արագ ձեռք բերեց մեծ ժողովրդականություն: Այժմ էլ այն դասվում է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Դրան նպաստում են օպերայի մեղեդային նրբագեղությունը, գլխավոր հերոսուհու անհավանական  մաքրությունն ու անկեղծությունը և նրա կերպարի աննկարագրելի քնարականությունը, որը օպերայի վերջում դառնում է խորը ողբերգական:

Հայաստանում «Մադամ Բաթերֆլայ»-ը առաջին անգամ ներկայացվել է 1934թ.-ին, Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում,  դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, տաս տարի առաջ՝ 2008թ-ին, որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:

Լիանա Ալեքսանյանը ծնվել է Հայաստանում, 2005թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ պրոֆ. Սերգեյ Դանիելյանի դասարանը: Ուսման տարիներին Երևանի օպերայի թատրոնում կայացել է նրա առաջնախաղը Վերդիի «Տրավիատա» օպերայում՝  Վիոլետայի դերերգով: Լիանա Ալեքսանյանն ունի մեծ երկացանկ և աշխարհի կարևորագույն օպերային թատրոններում կատարում է ՝ Ֆիորդիլիջի («Այդպես են վարվում կանայք», Մոցարտ), Դոննա Աննա («Դու Ժուան», Մոցարտ), Միքաելա («Կարմեն», Բիզե), Լուչիա («Լուչիա դի Լամերմուր, Դոնիցետի»), Միմի («Բոհեմ», Պուչինի ), Տատյանա («Եվգենի Օնեգին», Չայկովսկի ),  Վերդիի օպերաներից՝ Ջիլդա («Տիգոլետո»), Վիոլետա («Տրավիատա»), Դեզդեմոնա («Օթելո»), Լուիզա («Լուիզա Միլլեր»), Ամելյա Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա»), Ամելիա («Էրնանի»), Աիդա («Աիդա»): Մադամ Բաթերֆլայի կերպարը նա կերտել է տասնյակ հայտնի օպերային թատրոններում՝ Վալենսիայի օպերային թատրոն, Տեատրո Կոլոն (Բուենոս Այրես), Քյոլնի, Համբուրգի, Մանհայմի Ազգային և այլ թատրոններում: 2019թ.-ին Բաթերֆլայով հանես կգա Ռեյնի Դոյչ օպերայում, Fondazione del Teatro del Maggio Musicale Fiorentino և Teatro Verdi di Trieste, հունվարին հանդես կգա Ամելյա Գրիմալդիի դերով «Սիմոն Բոկանեգրա»-ում (Teatro Petruzzelli Bari, Իտալիա):

Օլեսյա Պետրովային մեր հանդիսատեսը հիշում է Ազգային ֆիլհարմոնիկի հետ կատարած Վերդիի «Ռեքվիեմ»-ից (2017թ.-ի դեկտեմբերի 9), որտեղ նա իր գեղեցիկ, թավշյա մեձո սոպրանոյով և կատարման վարպետությամբ ուղղակի գերեց երևանյան ունկնդրին: Պետրովան Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան օպերային թատրոնի մեներգչուհի է Մոսկվայի Մեծ թատրոնի և Մետրոպոլիտեն օպերայի (Նյու Յորք) հրավիրյալ մեներգչուհի: Համագործակցել է Յու. Տեմիրկանովի, Վ.Գերգիևի, Վ.ֆեդոսեևի, Մ.Յանսոնսի, Լ.Կրեմերի, Ջ.Լիվայնի և այլ անվանի դիրիժորների հետ:

Հովհաննես Անդրեասյանը հանդես կգա Պինկերտոնի դերերգով, նա իր սերնդի ամենախոստումնալից հայ տենորներից է: Վերջերս Ֆիլհարմոնիկի հետ մեծ հաջողությամբ  հանդես եկավ Պուչինիի «Թիկնոցը» օպերայում Լուիջիի դերերգով: 2014թ.-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան` ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆ. Գևորգ Հակոբյանի դասարանը: 2017-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին: Միջազգային մրցույթների դափնեկիր է: 2018-ից աշխատում է Երևանի Օպերային թատրոնում: Հանդես  է եկել հետևյալ դերերգերով՝ կավալիեր Դե Գրեյե («Մանոն»), Ռեմենդատո («Կարմեն»), Մոնոստատոս, Տամինո («Կախարդական սրինգ»), քեռի Թորոս («Սասունցի Դավիթ»): Ելույթներ է ունեցել Ռիգայում, Հոլանդիայում, Դուբայում, Քուվեյթում: