Ռոբերտ Քոչարյանի մասին վերջին օրերին ամենալայնն է քնարկվում։
Եվ քանի որ վերջին օրերին քննարկվում է նաև իր երեխաների ով լինելը, ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի երեխաներին և նրանց կողակիցներին։
Տվյալները վերցված են՝ 2rd.am կայքից․
ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ
Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը:
Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:
2006 - 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում:
2008 թվականից հանդիսանում է "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:
Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով: Ամուսնացած է, ունի երկու որդի: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):
ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ
Ծնվել է 1987թ-ի հունվարի 7-ին: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում:
Այնուհետև ընդունվել է և շարունակել կրթությունը Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում:
Երաժշտական կրթությունը է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:
Վաղ հասակից զբաղվել է երաժշտությամբ` երգել է և ստեղծագործել: Տասնհինգամյա իր բեմական գործունեության ընթացքում ունեցել է համերգներ ավելի քան երեսուն երկրներում, արժանացել բազում մրցանակների:
2008թ-ին Սիրուշոն ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին և արժանացել հանդիսատեսի համակրանքը մրցանակին, գրավել չորրորդ տեղը, ինչը Հայաստանի մինչ այժմ ամենաբարձր ցուցանիշն է:
Սիրուշոն ձայնագրել է չորս ձայնասկավառակ, այդ թվում նաև ժողովրդական ուղղվածության "Շերամ" ձայնասկավառակը:
Ունի ազգային, ժամանակակից, ջազային ուղղվածության հիթեր: Սիրուշոն ութ անգամ արժանացել է տարվա երգչուհի մրցանակին:
Որպես հեղինակ համագործակցում է հայ և այլազգի կատարողների հետ:
ԳԱՅԱՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ
Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում:
2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում:
2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:
ՎԻԳԵՆ ՉԱՏԻՆՅԱՆ
Վիգեն Արայի Չատինյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին Երևանում: 2000 թվականին ավարտել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
2000-2005 թթ. սովորել է Պետական Կառավարման Համալսարանի Միջազգային Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնում, Մոսկվա քաղաքում:
2005-2008 թթ. սովորել է վերոնշյալ համալսարանի Միջազգային Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնի ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2009 թթ. աշխատել է "Բարս պլյուս" ՍՊԸ-ի տնօրեն: 2009-2010 թթ. աշխատել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2010-2011 թթ. հանդիսացել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ:
2011 թվականի փետրվար ամսից հանդիսանում է Երևանի Քաղաքապետարանի` Զարգացման և Ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետ:
Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել լեռնադահուկային սպորտով և բիլլիարդ խաղալ:
ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ
Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:
1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։
Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում:
Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ 2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են "Փլեյ Սիթի" սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող "ՖԱՍԹ ՔԱՐԹ" ՍՊԸ-ն, Հայաստանում "Տոյոտա" ընկերության պաշտոնական դիլեր "ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ" ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ն:
Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով: Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: Կինը` Զարուհի Բադալյան:
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԴԱԼՅԱՆ
Զարուհի Վոլոդյայի Բադալյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 26-ին ՀՀ Երևան քաղաքում: Միջնակարգ կրթությանը ստացել է Երևանի Վ. Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում։
1997-2001թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև` 2003թ.-ին, գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան` ստանալով կառավարչի մասնագիտացում:
2002-2008թթ.-ին աշխատել է ՀՀ ԿԲ-ի բանկային վերահսկողության, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան:
2008 թվականից ի վեր հանդիսանում է "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: