Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին:
Շնորհավորանքում ասվում է.
«Հարգելի պարոն Ազնավուր,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ եւ ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:
Կատարողական բացառիկ արվեստի եւ հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ եւ ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ շանսոնիե» կոչումը:
Հայաստանում սիրում են Ձեր երգերը, ուրախությամբ հետեւում են Ձեր ստեղծագործական ու բեմական հաջողություններին եւ հպարտանում Ձեզնով:
Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո «Ազնավուրը` Հայաստանին» հիմնադրամի միջոցով: Իսկ «Քեզ համար` Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում:
Սիրելի մաեստրո, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»: