Վաղը` ապրիլի 9-ին, Հայաստանի հանրապետությունը կհետևի նոր նախագահի երդմնակալության արարողությանը: Ու թեև երրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը կրելու է Սարգսյան ազգանունը, բայց վաղը Հայաստանի հանրապետությունում նախագահի պաշտոնում իր աշխատանքը կսկսի Արմեն Սարգսյանը: ՀՀ երրորդ նախագահի պաշտոնակալությանը շրջանը շատերի մոտ հակասական կարծիք է ձևավորել: Armday.am-ը որոշել է ամփոփել Սերժ Սարգսյանի նախագահության վերջին 5 տարիների ընթացքում տեղի ունեցած դրական և բացասական իրադարձություններն ու դեպքերը:
Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:
1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:
1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:
1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:
2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:
Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:
Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:
Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:
· 2015թ դեկտեմբերի 6` «այո» սահմանդրական նոր կարգերին:
2014թ հուլիսի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում առաջին անգամ առաջ քաշեց այն տեսակետը, որ մեր սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի: 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե,որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 տոկոսը և սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը: Նոր սահմանադրության ընդունմբ Հայաստանի Հանրապետությունը անցավ կառավարման խորհրդարանական համակարգին, որտեղ գլխավոր դերերում ԱԺ-ը է և վարչապետը: ՀՀ նախագահին այսուհետ կընտրի Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք քառորդը:
· Ցեղասպանության հարյուրերորդ տարելից, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողով ,պատմական պատարագ Վատիկանում.
2015-ը կարևոր և առանձնահատուկ տարի էր բոլոր հայերի համար:Նախագահ Սերժ Սարգսյանը տարին սկսեց Ծիծեռնակաբերդում` անմար կրակր մոտ, Համահայկական հռչակագրի ընթերցմամբ: Հռչակագիրը և դատապարտում էր, և արժևորում, և ոգեկոչում , և շնորհակալություն հայտնում, արտահայտում հայ ժողովրդի միասնական կամքը: 2015թ ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երևանում առաջին անգամ անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 600 խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, ականավոր ցեղասպանագետներ շուրջ հինգ տասնյակ երկրներից, որին հաջորդեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի հռչակագրի ընդունումը ֆորումի մասնակիցների կողմից:
Կաթոլիկների առաջնորդը`Հռոմի Ֆրանիցիսկոս պապը, Վատիկանում մատուցեց պատարագ, հռչակեց Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ և Հայոց մեծ եղեռնը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Սրան հաջորդեց 2016-ին Հռոմի պապի եռօրյա ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր:Պապի անցկացրած պատարագին, հղած ուղերձին հաջորդեց Ցեղասպանության ճանաչման ալիք ամբողջ աշխարհում: Ապրիլի 24-ին աշխարհի շատ երկրներից բարձրաստիճան պաշտոնյանիեր` նախագահներ, վարչապետեր, պատգամավորներ և ալք Ծիծեռնակաբերդում իրենց գլուխը խոնարհեցին արդեն սրբադասված 1.5 միլիոն զոհերի առաջ:
· Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց, կամ «և՛֊և՛»-ի քաղաքականության հաղթանակը
2013-ի օգոստոս-սեպտեմբերյան իրադարձություններից չորս տարի անց` 2017 թվականի Նոյեմբերի 24-ին` Բրյուսելում, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն, ինչ չհաջողվեց անել 2013-ին` համագործակցություն սկսել Մաքսային միության և Եվրոպական միության հետ միաժամանակ, քանի, որ ԵՄ-ը Հայաստանի առաջ դրել էր հարց կա՛մ,... կա՛մ, արվեց հինգ տարի անց և դրան տրվեց «և՛֊և՛»-ի քաղաքականություն անունը : 2013-ին ընտրություն էր կատարվել հօգուտ Մաքսային միության:
· Սարգսյան «շինարարը».
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայասատանում մեկնարկեցին և ավարտին հասցվեցին մի շարք նշանակալի կառույցների կառուցումն ու շահագործումը: Արարատի մարզում սկսվեց Վեդու ջրամբարի կառուցումը, Հայաստանի հարավը վերջապես հյուսիսին կկապվի բարեկարգ, բետոնապատ ճանապարհով. հյուսիս- հարավ միջպետական մայրուղու մի շարք հատվածներ արդեն շահագործման են հանձնվել, Երևանում սկսվեց նոր ջէկ-ի կառուցումը, ռազմավարական նշանակության կարևորագույն , 4 ժամում Արցախ հասցնող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը հանձնվեց շահագործման, Երևանում բացվեց Կոմիտասի անվան Թանգարան-ինստիտուտը, Փաստաբանների պալատը, Արդարադատության ակադեմիան, Գյումրիում` Տեխնոպարկը:
· Կրկին ապրիլ` կորուսներով ու զոհերով.
2014թ ամռանը բռնկված ադրբեջանական ագրեսիան իր գագաթնակետին հասավ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Չորս օր տևած պատերազմում և հայկական կողմը, և հակառակորդի, մարդկային և նյությական մեծ կորուստներ կրեցին. հայկական կողմը տվեց 75 մարտական զոհ(63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց և նորից վերադարձվեց շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա, 800 հա տարածքի կորուստ, համացանցի և միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից ակնհայտ է դառնում, որ նրաց զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի, ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Սակայն չկա չարիք, առանց բարիքի. Արցախյան հարցը դարձավ օրակարգային շատ մեծ երկրների համար: Մինսկի խմբի նախագահները առաջին անգամ պատերազմ հրահրողին իր անունով դիմեցին: Պատերազմին հետևեց 2 երկրների նախագահների հերթական` 21-րդ հանդիպումը, որտեղ օրակարգ թելադրողը ՀՀ նախագահն էր:
· 2016-ի անհանգիստ ամառը.
· 2016-ի ամառն էլ հանգիստ չանցավ Հայաստանի համար: Հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբավորման մի քանի զինյալ անդամներ գրավում են ներշուժում են Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ վերցնում մի քանի ոստիկանների, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու մի քանի քաղբանտարկյալների ազատությունը:ՊՊԾ գնդի պաշարումը տևեց 14 օր: Այս օրերի ընթացքում ունեցանք 3 զոհ և մի քանի տասնյակ վիրավորներ:
· Ֆուբոլային դիվանագիտությունն էլ արդյունքի չհասավ.
2008-ին նախագահն ինքը նախաձեռնեց Թուրքիայի հետ նոր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը : 2008թ. հուլիսի 24-ին ուղարկվեց պաշտոնական հրավերը, իսկ ահա սեպտեմբերի 6 – ին Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլահ Գյուլը ժամանեց Հայաստան: Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը թեև պարտվեց 2։0 հաշվով, բայց գործընթացը շարունակվեց: 2009թ. ապրիլի 22-ին հայտարարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին, իսկ 2009թ. օգոստոսի 31 –ին Հայաստանը և Թուրքիան նախաստորագրեցին, ապա նաև ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերություների զարգացման մասին» արձանագրությունները: Չնայած՝ 2009թ.-ին Թուրքիան Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել էր առանց նախապայմանների, կարճ ժամանակ անց պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նորից սկսեց կապել Ղարաբաղյան հակամարտության հետ: Հայաստանը 2018-ի գարուն մտավ առանց այդ համաձայնագրերի. Մարտի 1-ին Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում 6 տարի անց չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի այս քայլին չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքի, պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն այդպես էլ չի արվել :
· Ավելի աղքատ, քան ճգնաժամային 2008-ին.
Հայաստանում աղքատության մակարդակը աճում է: Որոշ հաշվարկների համաձայն բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ է, այսինքն` աղքատ է ամեն երրորդը: Ընդ որում՝ 29.4% (շուրջ 900 հազար մարդ), աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8%-ը համարվում է շատ աղքատ, 1.8%-ը` ծայրահեղ աղքատ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատեն:Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից։
· 20,000-ով ավելի պակաս արտագաղթ, գերխնդրի լուծում ?
Հայաստանի երրորդ հանրապետության գլխավոր խնդիրներից մեկը եղել է, ու կա արտագաղթը, որը տարեց տարի շատ ավելի մեծ նշանակություն է ունենում պատերազմական դրության, հարևանների կողմից շրջափակված Հայաստռանի համար: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2017 թվականին Հայաստանից արտագաղթը շարունակվել է, սակայն դրա տեմպերը դանդաղել են: Ըստ այդմ՝ 2017-ին Հայաստանից հեռացել և այլևս չի վերադարձել ավելի քան 37,5 հազար քաղաքացի․ դա գրեթե 30 տոկոսով պակաս է 2016 թվականի ցուցանիշից՝ 2016-ին անվերադարձ հեռացածների թիվը գերազանցել է 55 հազարը: Ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2016 թվականին արձանագրված ցուցանիշի համեմատ, նվազել է 1300-ով, կազմելով 2 մլն 972 հազար 900:
· Տնտեսական սխալ քաղաքականություն, արտաքին պարտքի եռապատկում
2008-ին, երբ Սերժ Սարգսյանը առաջին անգամ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը, երկրի արտաքին պարտքը կազմում էր 1.9 միլիարդ դոլար էր, անցած տարվա վերջին՝ 6.7 միլիարդ դոլար, եթե 2008-ին Հայաստանի յուրաքանչյուր բնակչի ուսերին ծանրացած էր 588 դոլար պարտք, ապա 2017-ի վերջին՝ 2 254 դոլար կամ 3.8 անգամ ավելի շատ:
Հայաստանի երրորդ հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր կառավարման թե լավ, թե վատ կողմերով, և դրական, և բացասական իրադարձություններով , հաղթանակներով ու պարտություններով մնաց հայ պատմության մեջ:
Լուսանկարները ՀՀ նախագահի լուսանկարչի էջից