Ապրիլի 1-ին ժամը 19։00-ին նախկին Միկա մարզահամալիրում տեղի կունենա ArmFC-18-րդ միջազգային վարկանիշային մեծ մրցաշար՝ նվիրված «Էրեբունի-Երևան» 2800 ամյակին:
Առաջին անգամ պատմության մեջ ArmFC Չեմպիոնական գոտու մենամարտ. հայազգի Ալբերտ Ղազարյանը կմենամարտի ընդդեմ ուկրաիանացի Իգոր Գոնչարովի։
Տեղի կունենա նաև 12 թեժ մենամարտ՝ մեկ երեկոյի ընթացքում։
Մենամարտելու են տարբեր երկրներ ներկայացնող ուժեղագույն մարզիկներ (Հայաստան, Ռուսաստան ,Ուկրաինա, Վրաստան, Իրան, Աֆղանստան Ղազախստան)։
Մրցաշարին մասնակցում է նաև համացանցում իրարանցում ստեղծած Սարգիս Պետրոսյանը, ում մարտահրավերը ընդունել է Դավիթ Շահինյանը:
Երեկ մարզիկների կշռման արարողության ժամանակ Սարգիսը շարունակեց իրեն հատուկ՝ հեգնական ոճով արձագանքել մրցակցին վերաբերող հարցերում, ի պատասխան որի, Դավիթը շարունակեց մնալ համեստ կերպարում:
Մեր թղթակցին հաջողվել է մի փոքր հանդարտեցնել կրքերն ու մարզիկների հետ զրույց ունենալ:
Սարգիս Պետրոսյանը, ով բնակվում է Շվեդիայում 5 տարեկանից զբաղվում է սպորտով. սամբո, ձյուդո, ֆուտբոլ, մարմնամարզություն, բոքս և այլն: Նա առաջին անգամ է պրոֆեսիոնալ մարտ ունենալու, ինչը սակայն, չի խանգարում, որ մարզիկն ինքնավստահ լինի ու ամեն պատեհ առիթով շեշտի, որ մրցակցին հենց առաջին ռաունդում կտապալի:
Սարգիսը կարծում է, որ մարզիկը պետք է պրոֆեսիոնալ ռինգ մտնի 28-ից հետ, որպեսզի շուտ չավարտվի կարիերան: Մինչև հիմա նրա մենամարտ չունենալը պայմանավորված է նաև նրանով, որ ցանկացել է առաջին մենամարտում ներկայացնել Հայաստանը:
Շվեդիայում բնակվող հայազգի մարզիկը երբեք չի մտածել պարտության մասին և չի խոսում այդ մասին. Այնուամենայնիվ,մեր թղթակցին հաջողվեց Սարգսից լսել,թե պարտության դեպքում ինչպես է շարունակելու:
« Դուք առաջինն մարդն եք, որ այսպիսի բան եք լսում:Եթե պարտվեմ, կթողնեմ սպորտը»,-ասաց նա:
Թե ինչու արժե ներկա լինել այս մրցաշարին, Սարգիսը պատասխանեց.
«Հայաստանի պատմության մեջ ինձ նման մեկը այսպես չի խոսել և 66-ը 98-ի դեմ մենամարտ չի եղել, հենց դրա համար արժե գալ ու դիտել այս մարտը»:
Դավիթ Շահինյանը ևս պրոֆեսիոնալ ռինգում հանդես չի եկել: Տեսնելով Սարգսի մարտահրավերը, նա միանգամից ընդունել է այն և կրքերն ավելի են թեժացել: Նշենք, որ Սարգիսն ու Դավիթը ընկերներ են եղել և այժմ գուցե անձնական խնդիրներն են փորձում լուծել ռինգում:
«Ես Սարգսից ոչ մի մենամարտ չեմ տեսել, չգիտեմ նրա ուժերը, կամ ինչպես է իրեն պահում ռինգում: Նա կապիկություններ է սիրում, գլամուռ է դարձել, ինչ անում է գցում է ֆեյսբուք:Ես այդպես չեմ անում, դա իմ ոճը չէ: Չեմ կարող հանդիսատեսին խոստանալ, որ հաղթելու եմ, քանի որ չգիտեմ նրա հնարավորությունների մասին: Միայն կասեմ, որ պատրաստ եմ նրան դաս տալ,և ցույց տալ, թե ինչպես պետք է մարզիկն իրեն պահի, խոսի և այլն»,-ասաց Դավիթ Շահինյանը:
Դավիթը նաև նշեց, որ մրցակցի համացանցային ակտիվությունն ու պահելաոճը իրեն հոգեբանորեն չի ճնշում: