Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի` «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման։ Այս մասին հայտնում է «Ոսկե Ծիրանի» մամուլի ծառայությունը։
Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․
Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։