ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ դիմելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական Ձեր վերջին հայտարարությունները մեծ արձագանք են առաջացրել հանրության մեջ, հսկայական տարածում ստացել լրատվամիջոցներում և սոցցանցերում:
Լիովին ընդունելով Ձեր հնչեցրած քննադատության արդարացիությունն ու ճշմարտացիությունը` խնդրում եմ Ձեզ հաշվի առնել մի նուրբ հանգամանք: Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն, որին Ձեր, որքան էլ ճշգրիտ, բացահայտումները հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենալ, ինչպես անցյալում բազմիցս եղել է:
Մթագնած այս վիճակում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի դեմ կազմակերպված «Նյուրնբերգյան» ֆեյք-դատավարության համար կեղծ ցուցմունքներ տալ Հայաստանի Հանրապետության դեմ:
Սուտ ցուցմունքներ կտա, բայց չի բացահայտի 2019 թվականին իր կողմից մերժված Մինսկի խմբի խաղաղության պլանը՝ խուսափելով Արցախյան խնդրի շուրջ փաստերի վրա հիմնված բանավեճից և 2020 թվականին բանակցություններից հրաժարվելու և Հայաստանը աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելու փաստերի ապացույցների բացահայտումից:
Իրավիճակը լուրջ է, պարո՛ն նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ՝ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին:
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն՝ Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճին: Խոստանում եմ թերապևտիկ զգալի էֆեկտ»։