Տոպրակով կյանք. պատմություններ՝ Արցախից


Տոպրակով կյանք. պատմություններ՝ Արցախից
Սեպտեմբեր 19 15:46 2025

Երբ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին պատրաստվում էինք դուրս գալ տնից, ուշադրություն դարձրեցի շքամուտքում դրված մի քանի ճամպրուկին և տոպրակներին։ Այդ պահին հասկացա, որ իմ ամբողջ 21 տարվա կյանքը տեղավորվել է դրանց մեջ։ Անցած տարի, հիշելով այդ դեպքը, որոշեցի անել այս փոքրիկ պրոյեկտը` տեսնելու, թե այլ մարդկանց կյանքերը ինչի՞ մեջ են տեղավորվել Արցախը լքելու ժամանակ։ 

Պատմություն 1

Ստեփանյան Ալլան միայնակ մայր է, որը 2023 թվականի մեկօրյա պատերազմում կորցրել է 2 որդիներին։

Ալլան ծնունդով Մատաղիսից է, 2020 թվականի պատերազմից հետո իր որդիների` 21 ամյա Սամվելի և 19 ամյա Արսենի հետ ստիպված եղավ տեղափոխվել Մարտակերտ։ 2006 թվականից Ալլան ծառայում էր Արցախի պաշտպանության բանակում, որպես դիվիզիոնի կապավոր։ 2023 թվականի պատերազմը սկսելու ժամանակ իր տղաները նույնպես ծառայում էին Արցախի ՊԲ-ում. «Երբ սկսեց պատերազմը, մենք մարտական հերթապահություն էինք իրականացնում։ Մեր դիվիզիոնի մի մասը արդեն դիրքերում էր, իսկ մյուս մասը տագնապով բարձրացավ դիրքեր։ Մենք մնացինք զորամասում։ Առաջինը փորձեցի զանգել տղաներիս։ Բազմաթիվ  փորձերից հետո չկարողացա կապի դուրս գալ Արսենի հետ, և ամսի 19-ին ժամը 13:30-ին ինձ ասացին, որ թշնամին գրավել է Ճանկաթաղը, որի դիրքերն էր պահում Արսենը։ Հետո միանգամից զանգեցի Սամվելին․ նա ասաց, որ նոր է խոսել Արսենի հետ, և ամեն ինչ լավ է։ Այդ օրը մինչև 20:30 Սամվելի հետ խոսում էի, հետո նրանց ուղղությամբ մի քանի ինքնաթիռ է շարժվել, և կապը կտրվել է»,- պատմում է Ալլան։

Ամբողջ գիշերն Ալլան անցկացրել է զորամասում` առանց տղաների մասին որևէ ինֆորմացիա ունենալու։ 20-ի առավոտյան պատկերը չփոխվեց։ Պատերազմը շարունակվում էր, ռմբակոծությունները չէին դադարում, տղաներից լուր չկար։ Երբ 20-ի կեսօրին հրադադար հայտարարվեց, Ալլան փորձեց կապվել տղաների հետ. ինչ-որ տեղեկության հույս էր սպասում` հեռախոսազանգի կամ մեկի լուրի։

Որդիներից լուր չունենալով՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան 10-ին Ալլան գնաց զորամասի հրամանատարի մոտ` խնդրելով, որ Սամվելին իջեցնի դիրքերից, որպեսզի գտնեն Արսենին, որի հետ 2 օր է` կապ չէին կարողանում հաստատել։ Հրամանատարը գիտեր Սամվելի մահվան մասին, բայց լռեց, Ալլային տուն ուղարկեց և ասաց, որ վաղն առավոտյան տղան կգա։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Սամվելի դին բերեցին Մարտակերտի հիվանդանոցի դիահերձարան։

«Առավոտյան Սամվելից լուր չունենալով, մայրս գնում է Սամվելի ծառայակիցների մոտ, ովքեր մեր բակում էին ապրում։ Մորս տեսնելով՝ նրանք սկսում են լացել, և այդտեղից հասկանում ենք, որ Սամվելը զոհվել է»,- պատմում է Ալլան։

Սեպտեմբերի 22-ին ժամը 6:30-ին էլ իմացան Արսենի մահվան մասին։

Սամվելի մարմինը դիրքերից իջեցնելուն պես տանում են Ստեփանակերտ, հետո էլ` սեպտեմբերի 24-ին, Ալլայենք դուրս են գալիս Մարտակերտից։ Մինչև սեպտեմբերի 27-ը Ալլան Արսենի դիակի մասին լուր չուներ։  Այս ընթացքում նա հասցրել էր դիմել գրեթե բոլորին՝ սկսած եղնիկների հրամանատարությունից, մինչև մարդու իրավունքների պաշտպան, բայց ոչինչ չօգնեց։ Սեպտեմբերի 27-ին ժամը 17:00-ին փրկարար ծառայությունից Ալլային տեղեկացրին Արսենի գտնված դիակի մասին։

Սեպտեմբերի 28-ին վաղ առավոտյան Ալլան իր զոհված տղաների դիերի հետ ճանապարհվեց Երևան։ Հոկտեմբերի 9-ին Սամվելն ու Արսենը հուղարկավորվեցին Եռաբլուրում։ Մինչ օրս Ալլան իր ամեն օրը անցկացնեւմ է իր տղաների գերեզմանների մոտ` անկախ եղանակային պայմաններից, որովհետև կյանքում էլ իմաստ չի մնացել։ Չկա մեկը, ում համար նա պատրաստ կլինի աշխատել, գումար վաստակել և ինչ-որ բան անել։ 
 

«Կյանքս երկու փակ դագաղով բերել և հասցրել եմ այստեղ»,- ասում է Ալլան։

Ալլան ապրում է Երևանում, վարձով բնակարանում, որտեղ գրեթե չի լինում։ Ամեն առավոտ նա գնում է եռաբլուր և իր ամբողջ օրը անցկացնում է այնտեղ։ 

Պատմություն 2

Վերդյան էռնան միայնակ մայր է Ստեփանակերտից և իր 2 զավակների ու մոր հետ ապրում էին ծովակալ Իսակովի փողոցում։ Երեխաները` Վրույրն ու Վանեսսան, 13 և 16 տարեկան են։ 

«Պատերազմը սկսելուց մոտ կես ժամ առաջ աշխատավայրում ինձ զգուշացրել էին, որ սահմանին լարվածություն կա, թշնամին պատրաստվում է հարձակման, և ինձ ուղարկել տուն։ Ես գնացի ընկերուհուս խանութ` Վանեսսային սպասելու, որ իր դասերից հետո միասին տուն գնանք։ Հենց սկսվեց Ստեփանակերտի ռմբակոծությունը, ես խանութից դուրս վազեցի դպրոցի ուղղությամբ, մինչդեռ Վանեսսան իր հերթին վազում էր դեպի խանութ։ Մենք իրար գտանք ճանապարհին և միմյանց ձեռք բռնած եկանք տուն։ Վրույրն ու մայրս շենքի շքամուտքում կանգնած էին»,- պատմում է Էռնան։ 

Արցախից դուրս եկան սեպտեմբերի 27-ին, իրենց հարևանի Ուազով և Նիվայով։ Իրենց հետ վերցրեցին 3 ճամպրուկ հագուստ և սպասքի 2 հավաքածու, Վրույրի հեծանիվը, որը վերջին պահին դրեցին հարևանի մեքենայի վերևում, և բազմաթիվ հուշեր Արցախից` երեխաների մեդալները (Կարատեյի մրցումներից), Վանեսսայի նկարները, Արցախի դրոշը, Արցախյան նախշերով 2 բաժակ, Վրույրի կրակայրիչների հավաքածուից 3 հատ, պապիկի թզբեխը և տան բանալին։ 

«Արցախում վերջին օրը երեկոյան դուրս եկա հեծանիվ քշելու։ Տուն գնալուց բակում ընկած քար տեսա և վերցրեցի հետս. այն պահում եմ մյուս բերած հուշերի հետ մի տոպրակում»,- ասում է Վրույրը։

Էռնան իր մոր և Վրույրի հետ ապրում է Դիլիջանում, վարձով բնակարանում, իսկ Վանեսսան ապրում և սովորում է Երևանում` ԱՅԲ դպրոցում։ 

*Վանեսսան չկա նկարում
 

Պատմություն 3 

Բաղդասարյան Գոհարը Արցախի Մարտունի քաղաքից էր, ապրում էր իր 4 սենյականոց բնակարանում։ Աշխատում էր փրկարար ծառայությունում որպես դիսպեչեր։ Միայնակ մայր է, ունի 2 երեխա` 9 տարեկան Վիկտորիան և 7 տարեկան Գոռը։

«Երբ Վիկան իր ընկերուհու հետ դպրոցից վերադարձավ տուն, մայրս տան վերջին 3 կարտոֆիլը տապակեց, հենց նստեցինք հաց ուտելու, սկսվեց քաղաքի ռմբակոծությունը, և այդ կարտոֆիլը այդպես էլ մնաց սեղանին»,- պատմում է Գոհարը։

Պատերազմը սկսելու պահին Գոռը բակում էր, Գոհարը միանգամից վազեց դուրս, մի կերպ գտավ վախից կապտած Գոռին և երեխաների հետ գնաց աշխատանքի վայր` մտածելով` «Եթե մեռնելու լինենք, գոնե միասին մեռնենք»։

Պատերազմի ամբողջ ընթացքուն Գոհարն իր երեխաների հետ գտնվում էր աշխատանքի վայրում` շարունակելով ծառայությունը հայրենիքին` երեխաներին իր մոտ պահելով: Նա չէր կարող թողնել ո՛չ աշխատանքը, ո՛չ էլ` երեխաներին։ Գոհարի մայրը տանն էր։

Գոհարը իր մոր և երեխաների հետ Արցախից դուրս եկավ սեպտեմբերի 27-ին իր գործընկերոջ բեռնատար Ֆորդով։ 

«Մեքենայում 18 մարդ կար, նստատեղ չկար, ոչ մեկս չկարողացանք մեզ հետ շատ բան վերցնել։ Ես 3 տոպրակ եմ վերցրել, լցրել ինչով, որ պատահել է` հիմնականում երեխաների ձմեռային շորերով»,- պատմում է Գոհարը։ 

Հիմա նրանք ապրում են Դիլիջանում, վարձով բնակարանում։ Գոհարը աշխատում է որպես մատնահարդար, Գոհարի մայրը` Մարիետան, մաթեմատիկայի դասախոս է։ Գոռը զբաղվում է ֆուտբոլով, Վիկան` ծանրամարտով, ծանրամարտի միջազգային մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը։

Գոհարի կյանքը տեղավորվել է 3 դեղին տոպրակի մեջ։
 

P.S. Պրոյեկտը անավարտ է, և անավարտ էլ կմնա։ Ամբողջ աշխատանքը արվել է 2024 թվականին։ Բոլոր լուսանկարները արվել են 55 տարեկան օբյեկտիվով։ 

Հեղինակ՝ Հայկ Հարությունյան