Կնիքի վրայից Արարատ լեռը հեռացվում է Թուրքիային շոյելու համար․ քաղաքագետ


Կնիքի վրայից Արարատ լեռը հեռացվում է Թուրքիային շոյելու համար․ քաղաքագետ
Սեպտեմբեր 18 23:01 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինքնիշխանություն հասկացությունը պետական հռետորաբանությամբ վերածվում է զավեշտի:

Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղում, թե Հայաստանն ինչո՞ւ է սահմանամուտի կնիքի վրայից հանել Արարատ լեռան պատկերը, պատասխանում է՝ որպեսզի լինի ավելի անվտանգ ու ինքնիշխան:

Եթե խոսի միայն անվտանգության մասին, ապա դա կլինի հասկանալի: Կարող է ասել՝ եթե չանենք, Թուրքիան մեզ կսպառնա, իսկ Թրամպն Հայաստանի փոխարեն կգնա Ալբանիան պաշտպանելու:

Բայց, Փաշինյանն ասում է՝ որպեսզի լինենք ավելի ինքնիշխան:

Սա զավեշտ է, առնվազն այն պատճառով, որ կնիքի վրայից Արարատ լեռը հեռացվում է՝ եթե ոչ Թուրքիայի պահանջով, ապա առնվազն՝ Թուրքիային շոյելու համար:

Բայց, բերվում է «մոգական» բառը՝ ինքնիշխանություն: Ցանկացած ողջախոհ, մտածող մարդու համար պարզ է, որ տեղի ունեցածը ինքնիշխանության հետ չունի որևէ օրգանական, որևէ էական կապ: Այս դեպքում ինքնիշխանություն հասկացությունը օգտագործվում է որպես ծածկ: Սա հասկանալի, պարզ է բոլորին, ովքեր իշխանության հանդեպ չունեն երկրպագություն կամ նյութապաշտություն:

Ինքնիշխանության խնդիրը մտածողության ու սոցիալ-հոգեբանության մակարդակում ձևակերպելու, արդիականացնելու, հղկելու, այսպես ասած՝ հանրային մտածողության հյուսվածքներ «ներբեռնելու» փոխարեն, դուրս է բերվում տեղեկատվա-քարոզչական ծածկոցի մակարդակ: Ինքնիշխանությունը վերածվում է «ամեն երկրորդ բառի», իր տեղադիրքով հայտնվելով ամենաանհարմար ու նույնիսկ զավեշտալի վիճակներում:

Դա բերում է հասկացության ենթագիտակցական արժեզրկման, ինչպես արժեզրկվում է ցանկացած բան, որն ակնհայտորեն իր տեղում և ֆունկցիոնալ գործածության դիրքում չէ:

Ըստ այդմ, ինքնիշխանությունը վերածելով «թռուցիկի», խոշոր հաշվով ենթարկվում է աղավաղման:

Սա արվում է կամա՞, թե՞ ակամա: Հետևանքի իմաստով, թերևս, չունի նշանակություն»: