Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել։ Կից նա Թրամփին շնորհակալություն է հայտնել՝ անվանելով ադրբեջանա-ամերիկյան բարեկամության ճարտարապետ։
«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։
Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և ծնունդ առնող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է նա՝ X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը գրել էր. «Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։Սա կլինի հավերժ բարեկամություն ինձ և, ամենակարևորը, ԱՄՆ-ի համար»։
Թրամփի գրառմանը նաև արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին։