Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։
Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ջանքերին աջակցելու համար։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։ Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։
Թուրք նախարարը նշել է նաև, որ բարձր է գնահատում Փաշինյանի կողմից խաղաղության հաստատման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ստանձնած պատմական ռիսկերը՝ հատկապես ԼՂ հարցում տեղի ունեցած զարգացումներից հետո