«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս հրապարակված հարցումները, որոնք պատվերով անցկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կարծես թե այդքան էլ իշխանության սրտին հաճո չեն։ Բանն այն է, որ ՔՊ վարկանիշը վերջին 2 տարիների ընթացքում ռեկորդային նվազում է ապրել:
Վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ իշխանությունը փորձում է ՀԷՑ-ը պետականացնելու և Վեհարանը գրավելու կոչերով համակիրների բանակ կազմել, հարցումներում իրենց վարկանիշը շարունակ անկում է գրանցում։
Հետաքրքիր հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին վարկանիշային սանդղակում գերազանցում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, այլ հենց Սամվել Կարապետյանը։
Այս տարի ՔՊ ռեկորդային անկումը ձևավորվեց հենց իշխանության կողմից։
Ստացվում է, որ հասարակությունը սատարում է Կարապետյանին, մանավանդ, որ նա նոր քաղաքական թիմ է ստեղծում։
Հարցումների 3-րդ հորիզոնականն է միայն բաժին հասնում Ռոբերտ Քոչարյանին։
Այս հարցումը դեռ ավարտված չէ, և պատկերը կարող է փոխվել, սակայն փաստ է, որ իշխանության բռնարար գործելաոճն աշխատել է ի վնաս իրենց»։