«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, առաջիկայում ՀՀ-ում ահաբեկչական գործողությունների պլանավորման կամ բոլորին հայտնի «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթով մաս կառանձնացնի եւ մի քանի մեղադրյալների վերաբերյալ գործերը հապշտպ դատարան կուղարկի։
Հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ-ն նաեւ մի շարք ձայնագրություններ էր հրապարակել։
Ի պատասխան ՔԿ պաշտոնական հաղորդագրության՝ մի շարք փաստաբաններ մինչեւ օրս ահազանգում են՝ նշելով, որ հրապարակված ձայնագրությունները ամբողջական չեն եւ համատեքստից կտրված են։
Այս վարույթով Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածներով։ Վարույթով կալանավորված է 16 անձ:
Այս ամենից հետո գլխավոր դատախազը եկավ ԱԺ եւ նույն քրեական վարույթի շրջանակում կալանքի տարավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։
Իհարկե արդեն կանխատեսելի է, թե ինչ ավարտ կունենա այս քրեական վարույթը, հատկապես եթե հիշենք, թե որքան եւ ինչպես են նման շինծու գործերով տարբեր ժամանակներում Փաշինյանի ընդդիմախոսներին ճնշելու, լռեցնելու փորձեր արվել. Արթուր Վանեցյան, Վահրամ Բաղդասարյան, Աշոտ Մինասյան Ալբերտ Բազեյան… Եվ այս շարքը շարունակական է լինելու, քանի Նիկոլ Փաշինյանը անձամբ վարում է իր ֆեյսբուքյան էջը»։