Զվարթնոց գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա իրականացրին՝ փակելու փորձ կատարելով Էջմիածին–Երևան մայրուղին։ Ակցիայի պատճառը ծաղիկների արտահանման խոչընդոտներն են, որոնց պատճառով արդեն շուրջ երկու շաբաթ է՝ ծաղիկ արտահանողներն ի վիճակի չեն իրացնել իրենց արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունում։
Ծաղկեգործները պնդում են, որ արտադրանքի հիմնական ուղղությունը հենց ՌԴ-ն է, և այժմ իրացման դժվարությունների հետևանքով կանգնած են ֆինանսական լուրջ վնասների առաջ։
«Ինչ անեմ այսքանը ծաղիկը, վաղը երկու անգամ ավելի շատ եմ քաղելու։ 8 միլիոն դրամի վարկեր ունեմ, աշխատողներ ունենք, ստիպված ասում ենք մի եկեք, տեսնենք՝ ինչ է լինում։ Արդեն 5 միլիոնի վնաս ունեմ։ Դեռ ծաղիկ ունեմ, որ պետք է ծաղկի», – նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ծաղիկ արտահանողների բողոքի պատճառը Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորի որոշումն է, ըստ որի՝ 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք է դրվել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Պաշտոնական բացատրության համաձայն՝ այդ որոշումը կայացվել է՝ ելնելով Հայաստանից մատակարարվող ծաղիկներում բազմակի անգամ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների հայտնաբերման հանգամանքից։
Ակցիայի վայր էր ժամանել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ներկայացուցիչը, որը ծաղկագործներին հրավիրեց մասնակցել վաղը, ժամը 12։00-ին նախատեսված քննարկմանը՝ ՍԱՏՄ կենտրոնական գրասենյակում, Կոմիտաս 49/2 հասցեում։ Քննարկմանը ներկա կլինի նաև ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Սակայն ծաղկավաճառները հայտարարեցին, որ չեն պատրաստվում մասնակցել հանդիպմանը, եթե այն ուղիղ եթերով չհեռարձակվի։ Ավելի ուշ նրանք տեղեկացրին, որ որոշ ներկայացուցիչներ պատրաստ են հանդիպմանը մասնակցել, սակայն զգուշացրել են՝ եթե իրենց խնդիրը չլուծվի, ապա հուլիսի 15-ին՝ ժամը 18։00-ին, կփակեն Էջմիածին–Երևան ճանապարհը։
ՍԱՏՄ-ն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստան ծաղիկ արտահանող բոլոր տնտեսավարողներն հրավիրված են մասնակցելու քննարկմանը, որի նպատակն է՝ գտնել լուծումներ և վերականգնել արտահանման բնականոն գործընթացը։