«Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ոլորտներից մեկը: Մենք համոզված ենք, որ հենց թվայնացումն է, որը նոր հնարավորություններ է բացում տնտեսությունում, պետական կառավարման համակարգում և սոցիալական ոլորտում»,- այս մասին Բելառուսում ընթացող Եվրասիական տնտեսական միության նիստին տեսակապով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր խոսքում Փաշինյանը նշեց, որ Հայաստանում արդեն իսկ ներդրվել է միջգերատեսչական փոխգործակցության ճարտարապետություն, որի շնորհիվ պետական մարմինները չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ հասանելիություն են ստանում առաջնային աղբյուրներին անվտանգ հաղորդակցման ուղիներով:
«Սա հնարավորություն տվեց ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ՝ համատեղելով ծառայությունների մատուցման բոլոր փուլերում մեկ, թափանցիկ և օգտագործողին հարմար գործընթացում: Այս մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայրի ձևավորման համար: Այսօր Հայաստանը մի երկիր է , որն առաջարկում է բարդ, ինտեգրված տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ: Հայաստանում համակարգված թվայնացման ջանքեր են իրականացվում, էլեկտրոնային կառավարման համակարգերը կատարելագործվում են, քաղաքացիների թվային գրագիտությունը բարձրանում է, մշակվում են ժամանակակից կիբերանվտանգության մեխանիզմներ: NVIDIA-ի վերջերս Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու որոշումը հաստատում է, որ նույնիսկ փոքր պետությունները ՝ հավակնություններով և տեխնոլոգիական հասունությամբ , կարող են նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում: Ազգային մակարդակում Հայաստանն արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների և ճանաչողական տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման, արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման տեղական «sandboxes» ստեղծելու և կարգավորող շրջանակի ձևավորման մեջ՝ հաշվի առնելով էթիկական սկզբունքները և տվյալների պաշտպանության մեխանիզմները, որոնք ապահովում են տվյալների նկատմամբ երաշխավորված վստահություն»,- ասաց Փաշինյանը։